Ադրբեջանում սեպտեմբերի 4-ին տեղական ժամանակով 08:49-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժը Մինգեչաուրի, Գյանջայի եւ Շաքիի շրջաններում ավերածություններ եւ փլուզումներ է առաջացրել: Բնակչության շրջանում խուճապ է առաջացել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի խորհրդարանի Մինգեչաուրից ընտրված պատգամավոր Այդըն Միրզազադեն Facebook-ի իր էջում գրել է, որ քաղաքում մի շարք շենքեր խիստ վնասվել եւ մասնակի ավերվել են: Երկրաշարժն ավերածություններ է առաջացրել Շաքիի շրջանում, որտեղ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7 բալ, իսկ շրջակա բնակավայրերում' 5-6 բալ: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

 

Ադրբեջանի գիտությունների ակադեմիան երկրաշարժի հետ կապված բնակչության համար արած հայտարարության մեջ հանգստության կոչ է արել, որում նշել է, որ պետք չէ հավատալ մեծ ավերածությունների եւ մարդկային զոհերի մասին տարածվող լուրերին' միաժամանակ նշելով, որ քանի որ երկրաշարժն ուժգին է եղել, օրվա ընթացքում կարող են ցնցումները կրկնվել:

 

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ղեկավար Օգթայ Բայրամովը «Թրենդ»-ին ասել է, որ նախնական տվյալներով' երկրաշարժի արդյունքում ավերածություններ չկան: Սակայն, սոցցանցերի օգտատերերը շրջաններում երկրաշարժի հետեւանքները պատկերող բազմաթիվ լուսանկարներ են հրապարակել, որում հստակ երեւում են տների պատերում առաջացած մեծ ճեղքեր եւ մասնակի ավերումներ:

 

Ադրբեջանի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 13 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

 

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին հայտնել են, որ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է ադրբեջանական Շաքի քաղաքից 23 կմ դեպի հարավ-արեւելք, ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ, օջախի խորությունը' 30 կմ:

 

Երկրաշարժը գրանցվել է նաեւ ՀՀ մի շարք շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում' 2-5 բալ ուժգնությամբ: