Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը համոզված է, որ Ռուսաստանը կտրուկ կարձագանքի, եթե Հարավային Կովկասում Ադրբեջանը սանձազերծի նոր պատերազմ: Նրա խոսքով' դա է վկայում նաև վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու: Այս մասին ադրբեջանագետը հայտնեց սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Լավրովը փորձում էր Ադրբեջանի արկածախնդիր դիկտատորին հանդարտության կոչ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց ադրբեջանագետը:
Նրա խոսքով' վերջին երկու տասնամյակի ընթացքում Ադրեբջանն ամենաբարձր մակարդակով անընդհատ հայտարարել է պատերազմ վերսկսելու մասին, որին արդեն ադրբեջանցիները թերահավատորեն են մոտենում: «Հայաստանի Հանրապետությունում և Ղարաբաղում բոլորի համար դա սովորական բան է դարձել, մենք ամեն օր պատրաստ ենք պատերազմին, իսկ Ադրբեջանում այլ վիճակ է: Նրանց ղեկավարությունն այս տարիներին այնքան է խոսում պատերազմի վերսկսման մասին, որ Ադրբեջանի ժողովուրդն արդեն ալիևյան խոստումներին չի հավատում ու հիմա, երբ թեժ դրություն է սահմանին, նրանք իսկական ցայտնոտի մեջ են, քանի որ իրենք իսկ դադարել էին հավատալ իրենց նախագահին, որ պատերազմը երբևէ կսկսվի»,- նկատեց Գրիգորի Այվազյանը:
Ադրբեջանագետը վստահեցնում է, որ ունի հավաստի տեղեկություններ, ըստ որի' Բաքվում փնտրում են ապաստարաններ գտնելու հնարավորություններ: «Բացի այդ' ադրբեջանական հասարակության մեծ մասը' սկսած ղեկավարությունից, վերջացրած շարքային քաղաքացիներով, փորձում են լողալ սովորել, որպեսզի լողալով անցնեն Կասպից ծովն ու ապաստան գտնեն Միջին Ասիայում»,- նշեց նա: