Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքը' որոշելու սեփական ապագան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին' անդրադառնալով Արցախի Հանրապետությունում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հարցին:

 

«Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն, և մենք չենք ընդունելու սեպտեմբերի 13-ի «այսպես կոչված» ընտրությունները' որպես ազդող գործոն տարածաշրջանի իրավական կարգավիճակի վրա: Մենք նաև ընդգծում ենք, որ այսպես կոչված ընտրությունները որևէ կերպ չեն ազդի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքների վրա, որոնք նպատակ ունեն հակամարտությանը տալ տևական և խաղաղ կարգավորում»,- ասել է Քիրբին: