Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը որոշում է ընդունել լիազորություններից ժամանակավորապես հեռացնել Թուրքիայի Բոդրում քաղաքում Ֆրանսիայի պատվո հյուպատոս Ֆրանսուազ Օլսեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, պատճառը ֆրանսիական France 2 հեռուստաալիքով ցուցադրված ռեպորտաժն էր, որտեղ թաքնված տեսախցիկով նկարահանվել էր լրագրողի զրույցը հյուպատոսի հետ:

 

Ֆրանսուազ Օլսեն խոստովանել էր, որ Բոդրումում մի խանութի սեփականատեր է, որը ապօրինի միգրանտներին վաճառել է փրկարարական բաճկոններ և փչովի նավակներ:

 

Հյուպատոսը ոչ միայն խոստովանել էր, որ մասնակցում է միգրանտներին Հունաստան ուղարկելու գործընթացին, այլև հայտնել էր, որ դրան մասնակից են Թուրքիայի իշխանությունները:

 

Պատասխանելով այն հարցին, թե ինչու չի դադարում այսօրինակ գործողությունները' Ֆրանսիայի հյուպատոսը ասել էր, որ այդ դեպքում միգրանտներին նավակներ և բոճկոնները կվաճառեին մյուսները:

 

Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ պատվավոր հյուպատոսի գործունեության վերաբերյալ տեղեկությունների հաստատման պարագայում Օլսեն վերջնականապես կհեռացվի իր պաշտոնից: