Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր ելույթում խոսեց Հայաստանում առևտրի շրջանառության կրճատման, գործազրկության աճի, աղքատության մասին և անդրադարձավ այդ ֆոնին սահմանադրական փոփոխություններին:
«Համաշխարհային տնտեսության մտահոգիչ զարգացումները և Ռուսաստանի արժույթի կտրուկ անկումը ծանր վիճակի մեջ են դրել ռուսական շուկայի հետ կապված Հայաստանի արտահանողներին և սեզոնային աշխատանքի մեկնող մեր բազմահազար քաղաքացիներին: Վտանգված է տրանսֆերտների հաշվին ապրող բնակչության տարրական կենսաապահովումը, դրամը նորից կանգնած է անվերահսկելի արժեզրկման եզրին: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առևտրի շրջանառությունը կրճատվել է ավելի քան 4 տոկոսով, գործազրկությունը հասել է 20 տոկոսի, աղքատությունը՝ 32, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է ավելի քան 40 տոկոսով: Ամբողջ Հայաստանում փակվում են բիզնեսներ, աճում են արտագաղթի տեմպերը:
Իրավիճակն էլ ավելի է սրվում այն պատճառով, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելուն ուղղված հրատապ քայլեր իրականացնելու փոխարեն իշխանությունները նպատակադրվել են առաջիկա ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրման նպատակով ամեն գնով անցկացնել սահմանադրական փոփոխությունները: Այս ընթացքում, վախենալով սոցիալական հնարավոր պայթյունից, նրանք զերծ են մնալու տնտեսության աջակցության որևէ քայլից և առնվազն մինչև սահմանադրական հանրաքվեի անցկացումը շարունակելու են դրամի փոխարժեքի անկման զսպման քաղաքականությունը՝ էլ ավելի ծանրացնելով տնտեսվարողների վիճակը:
Ըստ վարչախմբի ծրագրի՝ սահմանադրական հանրաքվեի կեղծումը վերջնականապես կջարդի ժողովրդի դիմադրության կամքը, որից հետո տնտեսության և բնակչության կենսամակարդակի անկումն այլևս վտանգավոր չի լինի իշխանության պահպանման գործին: Իշխանություններն ամեն գնով փորձում են պահել մենաշնորհային համակարգը տնտեսության մեջ՝ այդ գործի հաջողության գլխավոր քաղաքական երաշխիք համարելով վերարտադրության սահմանադրափոխությունը:
Իշխանությունների վերարտադրման այս ծրագիրը շատ թանկ է նստելու մեր ժողովրդի և երկրի տնտեսության վրա՝ առաջացնելով նորանոր տնտեսական ավերումներ և արտագաղթի նոր ալիք: Ուստի հանցավոր այս ծրագրին «ոչ» ասելը վերածվում է նաև «ոչ»-ի՝ ամբողջ այս ռեժիմին և նրա ստեղծած մենաշնորհային թալանի համակարգին: Վստահ եմ՝ սեպտեմբերի 12-ին Հայաստանի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների «Ոչ»-ի միասնական ճակատի ստեղծումը լուրջ թափ կհաղորդի սահմանադրական այս արկածախնդրությունը տապալելու գործին»,- ասաց Զուրաբյանը: