Եվրամիությունում տիրող միգրացիոն ճգնաժամը հաստատեց կազմակերպությունում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, ինչը պնդում Է Մեծ Բրիտանիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է Լեհաստանի մամուլի գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 16-ին:

 

 

«Մենք ցանկանում ենք, որ անդամ երկրները կարողանան ազատորեն որոշումներ ընդունել սոցիալական համակարգեր օտարերկրացիների մուտքի հարցում, որպեսզի այդ կերպ սահմանափակվեն մի քանի գործոններ, որոնք վերջին տասնամյակում հասցրել են Եվրոպա զանգվածային ներգաղթի»,-ասել Է նա՝ ընդսմին ընդգծելով ազատ ուղեւորությունների նորմերը պահպանելու կարեւորությունը:

 

 

«Վիճակագրությունը ցույց Է տալիս, որ վերջին մեկ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիա ներգաղթի մակարդակն ավելացել Է 41 տոկոսով, գաղթականների 39 տոկոսը ժամանում Է աշխատանք գտնելու նպատակով: Միգրացիայի նման բարձր մակարդակն ազդում Է հանրային ծառայություններ մատուցելու վրա, դպրոցներից մինչեւ հիվանդանոցներ, ուստի մենք պետք Է միջոց գտնենք, որպեսզի անդամ երկրներին հնարավորություն ընձեռենք ավելի լավ վերահսկելու այդ գործընթացը»,-հավելել Է Քեմերոնը:

 

 

«Հավատում եմ, որ այն բարեփոխումները, որոնք մենք ցանկանում ենք իրականացնել, շահավետ կլինեն ոչ միայն Մեծ Բրիտանիային, այլեւ Լեհաստանին, ինչպես նաեւ ԵՄ-ի մնացած պետություններին: Օրինակ՝ մենք ցանկանում ենք, որ ԵՄ-ն ոչ թե լճացման, այլ տնտեսական աճի աղբյուր դառնա՝ միասնական շուկայի ստեղծումն ավարտելու եւ աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունների հետ համաձայնագրեր ստորագրելու միջոցով: Մենք ցանկանում ենք ձայնի ավելի մեծ իրավունք տալ ազգային խորհրդարաններին»,-հիշեցրել Է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

 

 

ԵՄ-ում միգրացիոն ճգնաժամի հնարավոր մյուս լուծումների թվում Քեմերոնը նշել Է այն երկրներին օգնելը, որտեղից ժամանում են ներգաղթյալները, տնտեսական ներգաղթյալների հոսքի սահմանափակումը, ընդսմին իրապես աջակցելով այն փախստականներին, ովքեր փրկվում են պատերազմի արհավիրքներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: