Հունաստանի վարչապետ, արմատական ձախերի ՍԻՌԻԶԱ կոալիցիայի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը երկրի նոր կառավարություն է կազմել, որում հանգուցային պաշտոնները պահպանել են նախկին նախարարները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

 

 

Մասնավորապես, Եվկլիդ Ցակալոտոսը նշանակվել է ֆինանսների նախարար: Նա այդ պաշտոնն զբաղեցնում էր հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 28-ը՝ իր նախորդի՝ Յանուս Վարուֆակիսի պաշտոնաթողությունից մինչև այն պահը, երբ ժամանակավոր կառավարություն կազմվեց Ցիպրասի կաբինետի լիազորությունների դադարեցումից հետո:

 

 

Վերանշանակվել են նաև արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը, էներգետիկայի նախարար Պանոս Սկուռլետիսը: Կոալիցիայի գծով ՍԻՌԻԶԱ-ի դաշնակցի՝ «Անկախ հույներ» աջ կուսակցության ղեկավար Պանոս Կամենոսը վերստին դարձել է պաշտպանության նախարար:

 

 

Սեպտեմբերի 21-ին Ալեքսիս Ցիպրասը երդում է տվել որպես երկրի կառավարության նոր ղեկավար: