Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության բյուջեի 80 տոկոսը 2016 թվականի համար եւս նախկինի պես ձեւավորվել է Ադրբեջանի կենտրոնական բյուջեից, եւ դա այն դեպքում, երբ Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեի եկամուտները 19,1 տոկոով կրճատվել են:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը' նշելով, որ եկող տարի կենտրոնական բյուջեից Նախիջեւանին հատկացվել է 282,4 մլն մանաթ, ինչը կազմում է նրա եկամուտների 80,4 տոկոսը: Նախիջեւանին Բաքվից կատարվող լրավճարը նվազել է 15,3 մլն մանաթով կամ 5,2 տոկոսով: Նախիջեւանի ԻՀ էկոնոմիկայի ներքին ներուժի հաշվին ինքնավարության բյուջեի եկամուտը կազմում է ընդամենը 69 մլն մանաթ: Այսինքն, Նախիջեւանի ԻՀ բյուջեն 2016 թվականի համար կկազմի ընդամենը 351,4 մ լն մանաթ:

 

 

Ադրբեջանական «Տնտեսական նախաձեռնություններին աջակցություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ, տնտեսագետ Ռովշան Աղաեւը «Թուրան»-ին հայտնել է, որ 2014 թվականին Բաքվում ապրանքի արտադրությունն ընդամենը 20 տոկոսով է ավել եղել Նախիջեւանից:

 

 

«Սակայն Նախիջեւանում բնակչության յուրաքանչյուր շնչի հաշվով հարկերի հավաքագրումը 4 անգամ փոքր է, քան Բաքվում: Դա նշանակում է, որ կամ ՆԻՀ-ում տնտեսության իրական ցուցանիշներն արհեստականորեն բարձրացվում են, կամ ինքնավարությունում բարձր ստվերային էկոնոմիկա է առկա, իսկ հարկային ներուժն ամբողջ ծավալով չի օգտագործվում», -ասել է նա:

 

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թվականի տվյալներով ՆԻՀ-ում բնակչության թվաքանակը մոտ 280 հազար է: