Մեքքայում հրմշտոցից զոհված հարյուրավոր ուխտավորների մեջ կան նաև Թուրքայի և Ադրբեջանի քաղաքացիներ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով Կովկասի մահմեդականների վարչության ներկայացուցչին, հայտնել են, որ զոհվածների թվում է Ադրբեջանի 55-ամյա քաղաքացի Ֆահրադդին Զեյնալլըն: Նա մահացել է Մինա լեռան վրա ուխտավորների հոսքում ծագած անակնկալ հրմշտոցի ժամանակ: Երկու ադրբեջանցիներ էլ ծանր վիրավորվել են:

 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների' այդ միջադեպի ժամանակ զոհվել են Թուրքիայի 18 քաղաքացիներ ևս:

 

Արաբական աղբյուրները հայտնում են, որ Մինայի անապատում ուխտավորների հրմշտոցից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը, իսկ վնասվածք ստացածների թիվը գերազանցում է 2000-ը: Անհետ կորածների մասին դեռևս հստակ տեղեկություն չի հաղորդվում:

 

Վերջին անգամ Մեքքայում նման միջադեպ տեղի էր ունեցել 2006 թվականին: Այդ ողբերգության ժամանակ մահացել էին 360-ից ավելի ուխտավորներ:

 

Այս տարվա ընթացքում Մեքքայում դա արդեն չորորդ միջադեպն է: Նախ Մեքքայում փլուզում տեղի ունեցավ, որը խլեց տասնյակ մարդկանց կյանքեր: Հետո Հարամ մզկիթում ուժգին քամուց տապալվեց վերամբարձ կռունկը, որի հետևանքով զոհվեց 107 և վիրավորվեց 238 մարդ: Դրանից հետո Մեքքայում սարի հոսքից զոհվեց նվազագույնը երկու ուխտավոր:

 

Սաուդյան Արաբիայում հաջի (ուխտագնացության) արարողության անկազմակերպ լինելու և նման միջադեպերին պատրաստ չլինելու հետ կապված Թուրքիայի կրոնական նախարարությունը հանդես է եկել հաջի կազմակերպման գծով մահմեդական երկրների հավաք կազմակերպելու նախաձեռնությամբ: Մեքքայում վերջին միջադեպում 118 ուխտավոր կորցրած Իրանն ԱԳՆ է կանչել Սաուդյան Արաբիայի դեսպանին և բացատրություն պահանջել:

 

Սաուդյան Արաբիան Մեքքայում վերջին ողբերգական միջադեպի համար մեղքը փորձել է բարդել աֆրիկացի ուխտավորների վրա: Սակայն Լիբիայի «Ադ Դիյար» թերթը հայտնել է, որ իրականում Մինայում տեղի ունեցած հրմշտոցը և մարդկային աղետի իրական պատճառը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և այդ երկրի պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանն ու նրա շարասյունն է եղել:

 

Այդ օրն առավոտյան, երբ գրեթե միլիոնից ավելի ուխտավորներ գտնվել են Մինայում, Սալմանի ավտոշարասյան անցնելու համար ճանապարհը փակվել է: Ճանապարհի փակումը խցանում է առաջացրել հարյուր հազարավոր ուխտագնացների հանդիպակած հոսքերում: Հենց այդ պատճառով էլ ուխտավորների միջև հրմշտոց է սկսվել, ինչն էլ դարձել է մարդկային աղետի պատճառը. հազարավոր մարդիկ, ոտնատակ ընկնելով, զոհվել են:

 

Ուշագրավ է, որ սաուդարաբյան վարչակարգի անվտանգության մարմինները միջադեպի ժամանակ խոչընդոտել են մամուլի ներկայացուցիչների աշխատանքին: Նրանք տեղացի և արտասահմանյան մամուլի ներկայացուցիչներին մտցրել են փակ տարածք և թույլ չեն տվել դուրս գալ այնտեղից:

 

Լիբիական թերթը հայտնել է, որ Մեքքայում վերամբարձ կռունկի աղետը ևս տեղի է ունեցել Մուհամեդ բին Սալմանին պատկանող ընկերությունների մեկի թույլ տված անփութության պատճառով: