ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրություն է արել է ի պատիվ մոտալուտ տոնի դրույքի 100 տոկոսի չափով պարգևադրամ վճարել երկրի քաղաքացիներին: Ինչպես սեպտեմբերի 25-ին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ) հիմնադրման 70-րդ տարեդարձի առթիվ այն կարող են ստանալ զինվորականները, աշխատող քաղաքացիները, ուսանողները և թոշակառուները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ նշանակալից տարեթվերի առթիվ հյուսիսկորեացիները սովորաբար ստանում էին զանազան նվերներ, ինչպիսիք են ծածկոցները կամ պատի ժամացույցները: ԿԿՀԳ-ի հաղորդագրության համաձայն՝ «պարգևավճարը քաղաքացիներին տրվում է նրանց նվիրվածության և Կորեայի աշխատանքային կուսակցությանը հավատարիմ ծառայության համար»:
Կորեայի աշխատանքային կուսակցության ստեղծման տարեթիվը համարվում է 1945 թվականի հոկտեմբերի 10-ը: Այդ օրը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության գլխավոր պետական տոներից մեկն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: