«Էրեբունի-Երևան»-ին ընդառաջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի հետ, պարզելու՝ ինչպե՞ս է Երևանը պատրաստվում իր ծննդյան տարեդարձին։
- Ի՞նչ է Երևանը Ձեզ համար։
- Վերամբարձ թող չհնչի, բայց Երևանի մասին խոսելիս այնքան ջերմ ու հարազատ բառեր են գալիս միտքս, որ արդեն ստիպված եմ լինում, մտածել, թե որից սկսեմ, որ առավել ճիշտ ու դիպուկ արտահայտեմ այն, ինչ ինձ համար ներկայացնում է մեր մայրաքաղաքը, մեր Երևանը, համայն աշխարհի հայության ու մեր սրտերի մայրաքաղաքը: Թերևս ավելի տարողունակ ու խորիմաստ ձևակերպում, քան «Երևանը մեր տունն է» ՝ կարծես թե դեռ չեմ գտել։ Ցանկացած հայի համար, կարծում եմ, չկա ավելի կարևոր ու նվիրական բան, քան սեփական ընտանիքը, օջախը, տունը։ Երևանը մեր մեծ տունն է, որն իր ջերմությամբ ու բարությամբ ամեն օր մեզ ասես տաքացնում, դաստիարակում, սովորեցնում ու ուղղորդում է: Եվ գիտե՞ք, փոխարենը շատ բան չի պահանջում մեզանից. ընդամենը մեր անկեղծ սերն ու հոգատարությունն իր նկատմամբ։ Ի՞նչ է ինձ համար Երևանը : Երևանն, իմ խորին համոզմամբ, ամենահարազատի ու ամենաթանկի մեկտեղումն ու մարմնավորումն է, այն մանկության քաղցր հուշ է, պատանեկական անհնազանդություն ու ըմբոստություն, սիրո առաջին զգացմունք ու գիտակցված ընտրություն կատարելու հաստատակամություն, աշխատանք, ընկերներ... այս շարքը կարելի է անվերջ շարունակել։
Երևանը մեր բոլորի դեմքն է, որով այսօր հպարտ կարող ենք նայել աշխարհին, քանի որ մեր քաղաքը մեզ համար ամենագեղեցիկն ու ամենաջերմն է աշխարհում։
- Դուք պատասխանատու եք մայրաքաղաքի տոնական տեսքի ապահովման համար, ինչպե՞ս է Երևանը պատրաստվում իր ծննդյան տարեդարձին։
- Մեր մայրաքաղաքն այս տարի դառնում է 2797 տարեկան։ Երևանը մեր տունն է և յուրաքանչյուրիս պարտքն է այն առավել գեղեցիկ և ներկայանալի դարձնել հատկապես իր ծննդյան տոնին։
Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը ջանք չի խնայել մեր մայրաքաղաքին տոնական տեսք հաղորդելու համար։ Այն ձևավորվում է հազարավոր դրոշներով, հատուկ կոնստրուկտիվ լուծումներով, ամեն առանձին վայրին, հրապարակին համապատասխանող յուրահատուկ ձևավորմամբ։ Տոնական տեսք կստանան հրապարակները, կամուրջները, քաղաքային կահույքը, կենտրոնական շենքերը, քաղաքային տրանսպորտը։ Գովազդային վահանակները կազդարարեն տոնի մասին, իսկ փողոցները ողողված կլինեն տոնական լուսավորությամբ։
Կլինեն նաև ձևավորման նորարարական մոտեցումներ, որոնք, վստահ ենք, կզարմացնեն և կհիացնեն ոչ միայն երևանցիներին, այլև մայրաքաղաքի հազարավոր հյուրերին։
Ի դեպ, ուզում եմ հատուկ նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից որդեգրած մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքի համաձայն՝ Երևանում տոնական տեսք կստանան բոլոր վարչական շրջանները և տոնական մթնոլորտը կտիրի ամենուր։
Ձևավորման հիմքը Երևանյան աշունն է, արևային երանգն ու ջերմությունը, այդ իսկ պատճառով նախապատվությունը տրվել է դեղին և նարնջագույն գույներին, իսկ որպես տոնի խորհրդանիշ՝ այն հարստացվել է նաև կարմիրով։ Այս գույներով է պատրաստված տարվա խորհրդանիշը և այս գույներն են իշխելու մայրաքաղաքի տոնական ձևավորման մեջ։
Առիթն օգտագործելով կոչ եմ անում բոլոր կազմակերպություններին և անհատներին՝ իսկական տանտիրոջ նման պատրաստվել ու նշել մեր սիրելի մայրաքաղաքի 2797-ամյակը։ Եկեք բոլորս միասին ջերմությամբ ու բարությամբ ողողենք մեր մեծ տունը և բարձր տրամադրությամբ նշենք մեր բոլորի տոնը։