Կյանքը շատ արագ է փոխվում, շատ ջրեր են հոսել, և գալու է այն ժամանակը, երբ մենք շատ ավելի լուրջ դերակատարում են ունենալու քաղաքական դաշտում: Այս մասին այսօր Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Վերջինս վստահություն հայտնեց, որ հաջորդ խորհրդարանում ՀՅԴ-ն ավելի մեծ ներկայացվածություն է ունենալու:

 

«Ես կարծում եմ, որ այն սկզբունքայնությունը, որն ունի Դաշնակցությունը, ի վերջո, հանգեցնելու է այն բանին, որ կուսակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում առաջատար դերակատարում է ստանձնելու»,- նշեց պատգամավորը:

 

Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո արդեն ՀՅԴ-ն սկսելու է նախապատրաստվել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, որի ճանապարհին շատ կարևոր են նաև ընտրական օրենսգրքում իրականացվելիք փոփոխությունները:

 

«Ընտրական օրենսգրքում իրականացվելիք փոփոխությունները շատ կարևոր նշանակություն ունեն, որի վերաբերյալ մենք ունենք մեր առաջարկները և սկզբունքները: Մենք լծվելու ենք այս գործին և ակտիվորեն մասնակցելու ենք, որից հետո արդեն կպատրաստվենք խորհրդարանական ընտրություններին»,- ասաց Վարդանյանը: