Եթե մենք ՀՀ նախագահի մյուս թեկնածուների հանդիպումներին հետևենք, ապա շատ թերություններ կգտնենք, բայց դրա մասին քիչ է խոսվում, քանի որ հիմնական թեկնածուն գործող նախագահն է և նրա հանդեպ ուշադրությունը շատ ավելի մեծ է: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանրային քննարկման առարկա էին դարձել (խոսքը վերաբերում է «Չեբուրաշկան և կոկորդիլոս Գենան» մուլտֆիլմից արված «Мы строили, строили и наконец построили. Ура!» մեջբերմանը, նախագահի կուրսեցու կողմից հիշեցումը, որ Սերժ Սարգսյանն ուսանող ժամանակ շատ կրակոտ երիտասարդ է եղել և Տավուշի մարզում նախագահի արտահայտությունը, թե «Տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում» արտահայտության մասին է), պատգամավորը պայմանավորում է այն
հանգամանքով, որ վերջինս մարդկանց հետ երկխոսության մեջ է մտնում և շատ անմիջական է շփվում:
«Քանի որ շատ մեծ մասսաների հետ են հանդիպումները, ես չեմ բացառում ոչ մի իրադարձություն, ի վերջո մարդկանց կարծիքները հո չի կարելի վերահսկել, այ դա մենք չենք արել և չենք անի, և դա չի կարելի արգելել, իսկ հատկապես գյուղերում անմիջական զրույցի մեջ կարծիքներ, քննադատություններ կարելի է լսել»,- ասաց նա:
Աճեմյանի կարծիքով՝ իրականում քարոզարշավը շատ լավ է անցնում: «Եթե դուք լսեք մեր նախագահի ելույթները, եթե լսեք, թե ինչքան անմիջական է նա մարդկանց հետ, կարծում եմ երբեք չեք քննադատի»,- նշեց նա՝ հավելելով, որ, երևի թե, լրագրողները շեշտը դնում են այն հատվածի վրա, որն իրենց է հետաքրքրում:
«Ես տեսնում եմ, թե ինչքան լավ է ընթանում քարոզարշավը, այդ զրույցները, երկխոսությունները շատ են և շատ տարբեր, ժողովուրդն էլ շատ գոհ է մնում, որովհետև կոնկրետ, հստակ պատասխաններ են հնչում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ վստահեցնելով, որ որևէ ուտոպիստական ելույթ կամ ուտոպիստական բնույթի ասելիքներ ինքը դեռ չի լսել, և իրատեսական են բոլոր խոստումները:
Անդրադառնալով նախագահի համակուրսեցու այն կարծիքին, թե Սերժ Սարգսյանը երիտասարդ տարիներին շատ կրակոտ է եղել՝ Աճեմյանը նշեց, որ ինքը դրա մեջ վատ բան չի տեսնում:
«Ես ճանաչում եմ նրան, ինքը մի քիչ էքսցենտրիկ կին է, հնարավոր է, որ հենց այդպես էլ արտահայտվեր, և եթե նա արտահայտել է իր վերաբերմունքը, դրանում նախագահը մեղավոր չէ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդքան խստապահանջ չի կարելի լինել:
Տավուշի մարզում նախագահի արտահայտությունը (Տենց եք անում, որ խիյարը թարս է աճում), Աճեմյանը հնարավոր է համարում և չի բացառում նման դեպքերը:
«Ես ինքս գյուղերում չեմ խոսում այնպիսի բառապաշարով, որով ԱԺ-ում եմ խոսում: Մարդը դիալոգի մեջ է մտնում, և հնարավոր է նաև արտառոց դեպքեր լինեն: Մենք միշտ պետք է ավելի հանդուրժող լինեք, դա է մեր հիմնական սխալը»,- ասաց նա՝ խորհուրդ տալով ավելի շատ ուշադրություն դարձնել բովանդակությանը, քան այդ երևույթներին, որոնք որ տեղի են ունենում: