«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության նոր սեփականատեր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել' ընդգծելով, որ վճռական է անզիջում պայքար մղելու կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ և էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից:

 

Նա հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը («ՀԷՑ») շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: «Տաշիր» ընկերությունների խումբը նաև ամբողջությամբ իր վրա է վերցրել «ՀԷՑ»-ի կառավարման պարտականությունը: Ընկերության կառավարումը կլինի պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝ հիմնված կորպորատիվ պատասխանատվության կարևորագույն բաղկացուցչի վրա:

 

«ՀԷՑ» զարգացման գերակա նպատակներից է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը և «ՀԷՑ»-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողության ապահովումը՝ այդ թվում նաև համապատասխան նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։

 

«Նախևառաջ, նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում: Համընդհանուր անզիջում պայքար ենք մղելու արատավոր երևույթների, կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ և ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաև՝ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից: 3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է և չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ: Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար: Պատրաստ ենք նոր մոտեցումների, նոր որակի աշխատանքի և անկեղծ, կառուցողական գործընկերային փոխհարաբերությունների հաստատմանը: Շնորհակալություն ակնկալվող սերտ համագործակցության համար»,- «ՀԷՑ»-ի կայքում հրապարակված հայտարարության համաձայն, նշել է Սամվել Կապարետյանը:

 

2015 թ. սեպտեմբերի 30-ին «Տաշիր»ընկերությունների Խումբը և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ: