Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Անգամ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով այդ նշանակման մասին, ասել էր, որ Տիգրան Սարգսյանի թեկնածությունն անվիճելի էր ԵՏՄ բոլոր երկրների համար։

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է, որ Տիգրան Սարգսյանը կատեգորիկ դեմ էր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ պնդելով, որ մենք ընդհանուր սահմաններ չունենք, և դա անգամ տեսականորեն հնարավոր չէ: Հիմա նա ղեկավարելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ ըստ էության դեմ լինելով դրա գաղափարին:

 

«Ինչքանով է նպատակահարմար և ոչ նպատակահարմար, իմ որոշելու հարցը չէ: Եթե գտել են՝ Տիգրան Սարգսյանն այն անձն է, ով գաղափարական հակասություններ ունենալով և չընդունելով ԵՏՄ գաղափարը՝ պետք է ղեկավարի այդ կառույցը, ուրեմն նպատակահարմար են համարել, մնացածն իմ որոշելիքը չէ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Ինչ վերաբերում է նրա պաշտոնավարման ընթացքում տնտեսական խայտառակ անկմանը՝ 14%, սկանդալային պատմություններին՝ Կիպրոսի օֆշոր, Հազարամյակի մարտահրավերներ, 16 միլիոն դոլարի լեկցիաներ կարդալը և այլ պատմությունների, Նաիրա Զոհրաբյանը, որպես ՀՀ քաղաքացի, կարծում է, որ նախ և առաջ հստակ պարզաբանումներ պետք է ստանայինք, հետո նոր որոշեինք՝ իրավունք ունի՞ Տիգրան Սարգսյանն այդ ոլորտ տեղափոխվելու:

 

«Եթե նշանակողները որոշել են և գտնում են, որ Տիգրան Սարգսյանն այն անձնավորությունն է, որ կարող է առաջ մղել ԵՏՄ ինտեգրացիոն գաղափարները՝ ես ձեռնպահ կմնամ որևէ լրացուցիչ մեկնաբանությունից»,- հավելեց պատգամավորը: