«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն անդամակցած ադրբեջանցի ահաբեկիչները սպառնալիք են ներկայացնում Իրանի անվտանգությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է իրանական qafqaz.ir լրատվական կայքում հրապարակված հոդվածում:
Հոդվածի հեղինակ, իրանցի փորձագետ Ալի Հայդարին, մեկնաբանելով ԻՊ-ի կազմում մարտական գործողություններին ադրբեջանցիների մասնակցության փաստը, նշել է, որ երբ ադրբեջանցի ահաբեկիչները վերադառնան Ադրբեջան, նրանք սպառնալիք կներկայացնեն ոչ միայն իրենց երկրի, այլ նաեւ Իրանի համար:
«Նրանք շատ հեշտությամբ կարող են հատել Իրանի սահմանը, քանի որ 2009 թվականից Թեհրանը միակողմանի կարգով վերացրել է վիզային ռեժիմը», - նշել է նա:
Իրանցի փորձագետը խորն անհանգստություն է հայտնել այդ առնչությամբ եւ ընդգծել, որ ավելի վաղ ԻՊ-ի կազմում ընդգրկված երկու ադրբեջանցիներ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությանը խոստովանել են, որ Աֆղանստան եւ Պակիստան ընկնելու համար մի քանի անգամ օգտագործել են Իրանի տարածքը:
Ալի Հայդարին համոզմունք է հայտնել, որ Իրանի հակառակորդների նպատակն ԻՊ-ին Իսլամական Հանրապետության սահմաններին մոտեցնելն է:
Իրանի Արդեբիլ նահանգի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Սեիդ Հասան Ամելին Ադրբեջանում գործող իսլամիստ ծայրահեղականների մասին իր հերթական զեկույցում անհանգստություն է հայտնել կապված այն բանի հետ, որ ԻՊ-ի անդամների ներկայությունն Ադրբեջանում լուրջ սպառնալիք է հանդիսանում իրանական նահանգի համար:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 3000-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 350-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ.-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: