Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող շոգ և խոնավ կլիմա ունեցող Էկվադորում ծնված և այսօր տարբեր երկներում բնակվող երաժիշտները Հայաստանում են: Էկվադորյան հնդիկների ազգային մշակույթը տարբեր երկրներում ներկայացնելու առաքելությամբ ձևավորված Pawkar Wambrakuan /Տոնակատարության տղաները/ թափառական երաժիշտների խմբի անդամներն աշխար հի տարբեր երկրներից են եկել՝ Իտալիայից, Ռուսաստանից, Իսպանիայից և Բրազիլիայից:

 

 

Ունենալով իրենց ազգային արվեստն ու կեչուա լեզուն ներկայացնելու առաքելությունը, սա նաև նրանց համար գումար վաստակելու միջոց է: Ցանկացած մարդ լսելով էկվադորյան մեղեդիները և տեսնելով բնիկների հագուստով երաժիշտների ռիթմիկ պարը' դեմ չէ որոշակի գումարով պարգևատրում կատարել: Սուրճի, կակաոյի, բրնձի և շաքարեղեգի հարուստ ցանքատարածություններ ունեցող, նավթ, պղինձ, կապար, ոսկի, արծաթ արտահանող երկիրը նաև աշխարհին հայտնի է իր յուրօրինակ հմայիլներով, որոնք ևս վաճառվում են տարբեր ազգային նվագարանների հետ միասին:

 

 

«Երբեմն հավաքվում ենք միասին երգում ու ներկայացնում մեր մշակույթը: Հունվարից ենք շրջագայում. նախ եղել ենք Ռուսաստանում, Վրաստանում, իսկ այժմ էլ արդեն մեկ ամիս է Հայաստանում ենք: Այս ընթացքում լսել ենք Արարատ լեռան պատմությունը, իմացել, որ այն, ափսոս, հիմա Հայաստանի տարածքում չէ, տպավորված ենք հատկապես Նոյան Տապանի մասին պատմությամբ, ինչը շատ հետաքրքիր է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց երաժշիտներից Ֆրանկլին Անգուան՝ անկեղծանալով, որ որոշակի գումար վաստակել թեև ստացվում է, բայց երբեմն ոստիկանները չեն թողնում ելույթ ունենալ այնտեղ, որտեղ ցանկանում են, այլապես ավելին վաստակելու հնարավորություն կունենային:

 

 

«Ամուսնացնելու աղջիկ ունեմ, ու գումարը նրան եմ ուղղարկում, ճիշտ է՝ այնքան չէ, ինչքան պետք է: Դեռ ժամանակ ունենք, մինչև դեկտեմբեր մնալու ենք Հայաստանում, կաշխատենք այս ընթացքում նաև համագործակցել ռեստորանների կամ հյուրանոցների հետ», -նշեց Ֆրանկլին Անգուան՝ հավելելով, որ Հայաստանից հետո մեկնելու են Թուրքիա: