Օրերս ձևավորվեց «Այո»-ի շտաբի ղեկավար կազմը: Նշանակվեցին շտաբի պետի' Հովիկ Աբրահամյանի վեց տեղակալները: Նրանք են՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով նաև շտաբի քարոզչության պատասխանատուն է, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը։
Խոսելով շտաբի կազմի մասին՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասաց, որ շտաբի կազմից հասկանալի է՝ հանրաքվեն անցնելու է ինչպես միշտ, այսինքն՝ խփելու են այնքան, ինչքան պետք է:
«Շտաբի կազմում բոլորը պետական պաշտոնյաներ են, ինչից հասկանալի է՝ վարչական ռեսուրսն ամբողջությամբ օգտագործվելու է: Որպես այդպիսին՝ ինձ թվում է՝ հանրաքվե չի լինելու, որովհետև ժողովրդի մոտ ապատյան շատ մեծ է, իսկ հանրաքվեներն ընտրություններից տարբերվում են նրանով, որ հարցը պետք է շատ հետաքրքրի մարդկանց, որ մարդիկ գնան ընտրության: Սահմանադրությանը, ինչքան նկատում եմ, քչերն են անգամ ծանոթ»,- ասաց պարոն Կարապետյանը:
Մեր զրուցակիցը դժվարանում է ասել, թե հանրաքվեի ընթացքում իշխանություններն ինչ մեխանիզմներ կօգտագործեն, բայց որոշակի խմորումներ արդեն իսկ նկատում է, օրինակ, ԱՎՎ պետի փոփոխություն, նույնականացման քարտերի ներդրում և այլն:
«Շտաբի կազմից երևում է նույնիսկ, որ նման կազմ են հավաքել, որպեսզի շատ փող չծախսեն: Քաղաքական ընդդիմության տեսակետից՝ սահմանադրական փոփոխությունները պարզապես վատթարացնելու են վիճակը:
Սա որևէ բան ժողովրդի կյանքում չի փոխում, այն բերելու է «բարդակի» ավելացմանը: Փոխեցին, դրանից ի՞նչ, աշխատավարձն ավելանալո՞ւ է»: