Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարում որոշ պատգամավորների կողմից Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին քաղաքական պայքարի թատերաբեմ ներքաշելու փորձերը:

 

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ Օմբուդսմենին քաղաքական իրադարձությունների մեջ ներքաշելը ճիշտ ճանապարհ չէ, որովհետև նա պետք է ունենա օբյեկտիվ կարգավիճակ: «Կարիք չկա Մարդու իրավունքների 2014թ. զեկույցը Ազգային ժողովում առիթ դարձնել սեփական կուսակցության անունը ևս մեկ անգամ շեշտելու կամ կուսակցության ծրագրերը այստեղ հնչեցնելու համար: Դրա համար կա հայտարարությունների ժամ, կան հանդիպումներ ընտրողն երի հետ, գնացեք հանդիպեք: Եղել են ելույթներ, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ ոչինչ չի հնչել: Սա, կարծում եմ, ճիշտ ճանապարհ չէ: Մի քանի ժամից հայտարարությունների ժամն է լինելու, եկեք ձեր քաղաքական հայտարարություններն արեք»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

 

Անդրադառնալով որոշ պատգամավորների կողմից ոստիկանության հասցեին հնչող քննադատություններին՝ Շարմազանովը չժխտեց, որ ոլորտում դեռևս կան խնդիրներ, սակայն կոչ արեց ամեն ինչ դիտարկել համեմատության մեջ: «Նույն ոստիկանությունը բազմիցս նշել է, որ կան թերություններ, իսկ մենք պարոն Օմբուդսմենի դիտողություններն ու առաջարկները լսում ենք և ասում, որ պատրաստ ենք լուծում տալ այդ խնդիրներին: Բա ինչո՞ւ որևէ մեկը դրա մասին չի խոսում: Բոլորդ խոսում եք մեր քաղաքացիների իրավունքների խախտումների և երկակի ստանդարտների մասին: Այո, կան երկակի ստանդարտներ, և դրանք հենց այս դահլիճում են կիրառվում: Քանի՞ հոգի կանգնեց ու ասաց, որ խախտվում են նաև մեր ոստիկանների իրավունքները: Բոլորդ կանգնում մի ուղղություն եք վերցնում և խոսում: Պետք է ավելի օբյեկտիվ լինել: Ոստիկանին սարքել եք էս երկրի «բոբոն», բայց նա մեր երկրի ոստիկանն է: Եվ պետք չէ տարբերակել ոստիկանին և քաղաքացիներին: Ոստիկանը մեր քաղաքացիների պաշտպանն է, և ցանկացած ժողովրդավարական երկրում նախ ևառաջ նորմալ օրինապահ քաղաքացին պետք է հարգի այդ իրավունքը»,- հավելեց Շարմազանովը:

 

ԱԺ փոխնախագահը նաև պատգամավորներին կոչ արեց չնեղանալ և վատ չզգալ Մարդու իրավունքների պաշտպանի քննադատությունից: Նա նկատեց, որ ինքը Կարեն Անդրեասյանի քննադատությունն ընկալում է որպես ուղղում, առաջարկ, խնդիրների բարելավում: «Ի՞նչ է, ձեզ թվում է, թե մեր երկրում բոլոր խնդիրները լուծված են, մենք էլ առաքյալներ ենք կամ երկնքից իջած հրեշտակնե՞ր: Չկա նման բան: Այս իմաստով մենք պետք է լինենք կառուցողական: Եվ, պարո՛ն Անդրեասյան, ես ընդունում եմ Ձեր հասցեին թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների քննադատությունը այն առումով, որ Դո ւք ճիշտ ճանապարհ եք ընտրել: Եթե Ձեզ քննարկում է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, նշանակում է՝ Դուք օբյեկտիվ ճանապարհով եք առաջ գնում: Հիմա մեկին դա դուր կգա, մյուսին դուր չի գա: Այնպես չէ, որ իմ ուշքը գնում է, երբ ինձ քննադատում են, սակայն սա չի նշանակում, թե ես ամենախելացին եմ ու միշտ ճիշտ եմ: Պետք է կարողանալ նաև լսել քննադատությունը, պետք է կարողանանք մեր անձնական շահերը դնել մի կողմ և նայել առաջ: Միգուցե այս զեկույցում կան շատ կարևոր առաջարկներ մեր երկրի համար»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

 

Եզրափակելով ելույթը՝ ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ներկա պահին Հայաստանում թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է կայացած, թե՛ ժողովրդավարացման մակարդակն է ավելի բարձրացել: