Վերջին շրջանում մամուլում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ նախագահական ընտրություններից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պատրաստվում է կոալիցիոն նոր հուշագիր ստորագրել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ: Նոր կաոլիցիոն հուշագրի ստորագրումը չէր բացառել նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հավաստի՞ են արդյոք մամուլում տեղ գտած այդ հրապարակումները, թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս նախ նշել է, որ կան լրատվամիջոցներ, որոնք խեղաթյուրում են փաստերը եւ իր ասածները ներկայացնում իրենց ցանկացածի պես:

«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չունի որեւէ քննարկում այդ թեմայի շուրջ այս պահի դրությամբ, առավել եւս այն պատճառով, որ բացարձակապես աննպատակահարմար է նման հարց քննարկելը, որեւէ բան դեռ չի փոխվել, ինչը կարող է մեզ ուղղորդել ոչ թե այդ քայլին, որովհետեւ ես առհասարակ բացառել եմ կոալցիա արտահայտությունը, եզրույթը եւ այդ ձեւաչափը հետեւաբար, որը մարդիկ պատկերացնում են, կամ պատկերացրել են մինչ օրս, կամ որը տեղի է ունեցել մեզանում անցած կառավարման շրջանում: Առհասարակ բացառելով կոալիցիայի թեման այս պահի դրությամբ' քննարկումները աննպատակ են, որովհետեւ որեւէ բան չի փոխվել նաեւ իրավիճակային առումով, ինչը կարող է մեզ ուղղորդել այդ ուղղությամբ»:

ԲՀԿ խոսնակի գնահատմամբ վերջին շրջանում ակտիվացած խոսակցությունները թյուր վերնագրերի եւ թյուր ընկալման արդյունք է: «Մենք ունենք ստանձնած պատասխանատվություն, պարտավորություններ ժողովրդի առջեւ եւ պատրաստ ենք եղել միշտ եւ հիմա էլ պատրաստ ենք լինելու մտնել այդ բեռի տակ՝ այդ պատասխանատվության տակ, պատվով այն տանել եւ իրականացնել, այն հանրային պատվերները, որոնք որ մեզ տվել են, տալիս են, կամ տալու են մեր ընտրողները, այդ թվում կառավարման մյուս՝ գործադիր ոլորտում»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, որով վերջինս չէր բացառել նոր կոալիցիոն հուշագրի ստորագրում, Տիգրան Ուրիխանյանը ասել է. «Դա իր խնդիրն է, եւ որպեսզի այսուհետ եւս որոշ լրատվամիջոցներ կամ անհատներ, կամ պաշտոնյաներ խոսակցությունների մակարդակով, կամ դիրքորոշումներ ներկայացնեն, թե ԲՀԿ-ն ինչ-որ ցանկություններ ունի, կամ ինչ-ոչ բանի դեմ չէ, ապա ես կուզեի իրենց կարծիքը չմեկնաբանել՝ թողնելով իրենց: Հավանաբար ինչ-որ մարդիկ, ինչ-որ ցանկություններից ելնելով են դրա մասին խոսում»:

Փայլակ Ֆահրադյան