Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանը երկու որդի ունի՝ Նորայր և Դավիթ Վարդանյանները:

Դավիթ Վարդանյանն ուսանում է ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում, սակայն հայերեն գրել-կարդալ չգիտի: Ասում են, որ Դավիթն այնքան համեստ վարք է ցուցաբերում, որ ամբիոնի վարիչը չգիտի՝ ում որդին է:

ՀՊՄՀ-ից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ Դավիթ Վարդանյանը նախ սովորել է Հյուսիսային համալսարանում, այնուհետև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով տեղափոխվել է ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի հեռակա կրթական համակարգ, ապա մեկ տարի անց տեղափոխվել առկա ուսուցման համակարգ: Մեզ նաև տեղեկացրին, որ Դավիթը միջին կարողությունների տեր է, համեստ, վերահանձնումներ էլ ունի:

Հետաքրքրական է, որ նախօրեին Սերժ Սարգսյանը Գյումրիում նախընտրական հանդիպման ժամանակ առանձնահատուկ հիշեց իր խորհրդականին՝ Յուրի Վարդանյանին: «Արդեն ավելի քան երեսուն տարի է անցել, բայց ես [Սերժ Սարգսյանը] միշտ հիշում եմ մի փայլուն անդրադարձ, որը շատ բնութագրական է: 1980 թվականին՝ մոսկովյան օլիմպիադայից հետո, երբ Յուրի Վարդանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն' հեղինակելով մինչ այսօր չգերազանցված ռեկորդներ, գյումրեցուն հարցնում են. «Ինչո՞ւ Յուրի Վարդանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն և ռեկորդակիր»: Գյումրեցին պատասխանում է. «Որովհետև Լենինականից միայն Յուրիկին էինք ուղարկել օլիմպիադա»,-իր խոսքում մասնավորապես նշեց Սերժ Սարգսյանը: