Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը և պատերազմող 2 ժողովուրդներին խաղաղության կոչ արել: Նա մեղադրում է շատ քաղաքական գործիչների, ովքեր օգտագործեցին Լեռնային Ղարաբաղի պատերազմն իրենց կարիերայի համար:
Ադրբեջանի գրողների միությունը հայտարարել էր. «Այլիսլին իր անվերջ չարությունն ու ատելությունն է արտահայտել ադրբեջանական հասարակության նկատմամբ», իսկ նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն էր ստորագրել, որով գրողին զրկում էր նախագահի անվանական թոշակից: Նախագահ Ալիևի մեկ այլ կարգադրությամբ հեղինակը զրկվել է «Ժողովրդական գրող» պատվավոր կոչումից:
Lurer.com-ն այս մասին փորձեց զրուցել Հայաստանի գրողների միության նախագահ, մշտազբաղ Լևոն Անանյանի հետ՝ պարզելու, թե ինքն ինչ է կարծում՝ արժի՞ Այլիսլիին մեր զորակցությունը հայտնել, կոչ անել իշխանություններին, որպեսզի գրողին քաղաքական ապաստան տան։ Լևոն Անանյանը պատասխանեց.
-Ինչա՞ ասածդ, ես «Արմենպրեսին» տվել եմ, երեկ չէ առաջին օրը տպվելա, հիմա նորից տա՞մ նույն բանը։
-Բայց դուք իմ հարցը դեռ չեք էլ լսել, պարո՛ն Անանյան։
-Ասա՛, ասա՛...
-Ի՞նչ եք կարծում, մենք մի փոքր լուռ չե՞նք, չպե՞տք է իշխանություններին կոչ անենք քաղաքական ապաստան տալ գրողին:
-Ա՛յ ցավդ տանեմ, էտ մարդը չի ուզում քաղաքական ապաստան, կոչ անենք իշանություններին քաղաքական ապաստան տա՞լ, դուք ուզում եք ստեղ ավելի վատթարացնենք Աքրամի վիճակը Բաքվում, նրանք էնքան դիվանագետ են գործում, նրանց գրողների միության որոշումը կարդա, տե՛ս։ Այո, հալածում են, բայց ցույց չեն տալիս, որ դա հալածանք ա, իսկ եթե Աքրամը դիմի իշխանություններին, առանց մեր կոչի էլ քաղաքական ապաստան կտան:
-Չե՞ք կարծում, որ լուռ ենք այս հարցում։
-Ի՞նչ, եթե դու լուրերը չես կարդում, մենք լո՞ւռ ենք, 4-5 օր առաջ «Արմենպրեսը», որը պաշտոնական լրատվություն է, կարող ես օգտվել: Գրողների միության նախագահը իր վերաբերմունքը ասել է: Այնպես մի՛ արեք՝ մեր հոնորարի համար էդ մարդու վիճակը ավելի վատթարացնենք, սա քաղաքական հետապնդում ա, և մենք շատ զգոն պետք է լինենք:
Հ.Գ. Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանին կոչ ենք անում ավելի հետևողական լինել առկա խնդրին և դադարել «մունաթ»-ով խոսել լրագրողների հետ կամ օգտվել մամուլի խոսնակի ծառայություններից: