Ջերմուկում կայացավ Հայաստանի Համայնքների միության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, մարզպետներ, քաղաքապետեր և գյուղապետեր:

 

«Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն ամենամյա է, ավանդական բնույթ ունի և կազմակերպվում է սկսած 2005 թվականից: Էջմիածին քաղաքն այս տարի արժանացավ «Մշակութային լավագույն համայնք 2015» կոչմանը:

 

Ընթացիկ տարում, Էջմիածնում անցկացվել են բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ներկայացումներ, համերգներ, գրքերի շնորհանդեսներ, բակային-բացօթյա միջոցառումներ: Մեծ Եղեռնի 100-ամյակի շրջանակներում' գրադարաններում և քաղաքի կրթական-մշակութային օջախներում կայացել են ոգեկոչող միջոցառումներ: Նախաձեռնվել և անցկացվել են բազմաթիվ ցուցահանդեսներ, այդ թվում նաև Հայաստանի սահմաններից դուրս:

 

Այս մրցանակաբաշխությունն ընթացիկ տարում հաջողություններ արձանագրող համայնքների աշխատանքի գնահատման միջոց է, որն իրականացվում է հատուկ ձևավորված մրցույթային հանձնաժողովի կողմից։ Հիշեցնենք, որ նախորդ տարիներին, Էջմիածինը ճանաչվել է լավագույն քաղաքային համայնք և ամենականաչապատ համայնք։

 

Հայաստանում տեղական ինքնակառավարման ներդրման 19-ամյակի առթիվ Հայաստանի Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը քաղաքապետ Կարեն Գրիգորյանին հանձնեց նաև անվանական հուշամեդալ' Հայաստանում տեղական ինքնակառավարման գործում նշանակալից ներդրման համար:

 

Տեղական Ինքնակառավարման Համակարգի 19-ամյակի առթիվ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ էր հղել, ընդգծելով, որ այս համակարգը պետության մեջ կարևորագույն օղակ է, որի արդյունավետ աշխատանքով ինչպես երկրի առաջընթացն է պայմանավորված, այնպես էլ՝ բնակչության կենսամակարդակը: Տեղական ինքնակառավարումը ճկուն և նուրբ համակարգ է, որում ընդգրկված անձինք պետք է կարողանան գործակցել թե՛ համայնքի բնակչության հետ, թե՛ Հանրապետության ղեկավարության: