2012-ի աշնանից, մասնավորապես սոցկայքերում շրջանառվում է Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի՝ Genex-ի (ռեժիսոր՝ Արտակ Սևադա) թեման, որը նախատեսվում է էկրան հանել 2015-ի ապրիլի 24-ին՝ ի նշանավորումն Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի:
Tert.am-ին հայտնի դարձավ, որ օրերս այդ ֆիլմի շուրջ քննարկում է եղել նաև Հայաստանի Ազգային կինոկենտրոնում: Մասնավորապես, կինոկենտրոնի Սցենարային հանձնաժողովի փորձագետ, կինոգետ Զավեն Բոյաջյանը հայտնեց, որ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել 16 հայտ, որոնցից մեկը Genex-ինն է եղել:
Ըստ ամենայնի՝ ռեժիսորը ցանկանում է, որ ֆիլմի համատեղ արտադրություն լինի Հայաստանի հետ, սակայն կինոկենտրոնում դեռ ոչինչ չի որոշվել, քանի որ Genex-ի դեպքում սցենար չի ներկայացվել հայ մասնագետներին, այլ ընդամենը հակիրճ սինոփսիս: Իսկ կինոկենտրոնը կարող է որևէ նախագիծ նկատի ունենալ և առավել ևս ֆինանսավորել միայն լիակատար սցենարի ներկայացումից հետո:
Հայտնի դարձավ նաև, որ 16 հայտերի շարքում ընդամենը 2-ն են վերաբերել Հայոց ցեղասպանության թեմային:
Նկատի ունենալով, մասնավորապես, այսօր սոցկայքերի բուռն արձագանքն ու որոշակի ապատեղեկատվությունը, ճիշտ կլինի նկատել, որ այս նախագծին Ալ Պաչինոյի կամ Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցության մասին խոսք չկա, ինչպես շահարկվում է: Ի դեպ, այդ մասին նախազգուշացում է արվում ֆիլմի կայքում. նշվում է, որ «թրեյլերում» ի մի են բերված հատվածներ տարբեր դերասանների մասնակցությամբ ֆիլմերից:
Այդ շփոթմունքը գալիս է ֆիլմի «թրեյլերից»: Վերջինս իրականում ընդամենը էսքիզ է, որով ֆիլմի հեղինակները մատուցում են գաղափարը, ֆիլմի տեսլականը: Իսկ ֆիլմի հետ կապված աստղերից ինքը՝ ռեժիսորը Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» հաղորդմանը ավելի վաղ տված հարցազրույցում նշել էր Նատալի Պորտմանի և Ասանտե Արմանդի անունը:
Ինչ վերաբերում է ֆիլմի սյուժեին, ապա այդ առիթով ռեժիսորն ասել է, որ դուրս է լինելու «դուդուկային ֆորմատից»: «Թրեյլերի» հետկադրային տեքստից հասկանալի է դառնում, որ շոշափվելու «ամերիկահայկական քրեական խմբավորման» թեմամ, իսկ սյուժեն զարգանալու է, ըստ երևույթին մի ամերիկահայուհու շուրջ, որը բացահայտում է առաջատար ապահովագրական կազմակերպությունների, ֆինանսական կազմակերպությունների մի շարք մեքենայություններ, որոնք միայն միջնորդավորված ձևով են վերաբերում բուն Հայոց ցեղասպանությանը:
Ուշագրավ է, որ ֆիլմի կարգախոս է ընտրված Նոր կտակարանից Հիսուս Քրիստոսի հետևյալ արտահայտությունը. «Եվ ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի»: