Նոյեմբերի 19-ին 67 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Մուրադխանյանը:

 

 

Սարգիս Մուրադխանյանը ծնվել է 1948 թվականի հունվարի 20-ին: 1971-75 թթ-ին սովորել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետում, 1984-88 թթ-ին' ԽՄԿԿ ԿԿ առընթեր Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցում (հեռակա):

 

 

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1966 թվականից՝ սկզբում աշխատելով Երեւանի ֆրեզերային հաստոցների գործարանում, այնուհետեւ նաեւ էլեկտրալամպերի գործարանում:

 

 

1967-69 թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում:

 

 

Ինստիտուտում ուսումնառության տարիներին՝ 1971-75 թվականներին, ԿԱՆԱԶ-ի մշակույթի պալատի փողային նվագախմբի ղեկավարն է եղել: ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո՝ 1975-76 թթ-ին, աշխատել է Երեւանի թիվ 162 միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ, իսկ 1976-77 թթ-ին' Երեւանի Դ. Վարուժանի անվ. թիվ 89 միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ:

 

 

 

1977 թվականից անցել է կուսակցական աշխատանքի՝ ՀԿԿ Շահումյանի շրջկոմում՝ որպես հրահանգիչ, բաժնի վարիչի տեղակալ, ՀԿԿ Երեւանի Քաղկոմում՝ հրահանգիչ' առաջին քարտուղարի օգնական, 1983-90 թթ-ին' ՀԿԿ Երեւանի 26 կոմիսարների շրջկոմ, քարտուղար:

 

 

1991-92 թթ-ին աշխատել է ՀԱՅԿՈՈՊ վարչությունում՝ որպես գրքի առեւտրի բաժնի պետ, 1992-2002 թթ-ին' ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության «Բիզնես կենտրոն» պետական ձեռնարկությունում, այնուհետեւ տնօրեն:

 

 

Հասարակական-քաղաքական գործունեություն ծավալել է 1971-73 թթ-ին՝ իրականացնելով Երեւանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի ԼԿԵՄ կոմիտեի երկրորդ, ապա առաջին քարտուղարի գործառույթներ: 1973-75 թթ-ին եղել է Երեւանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար: 1973 թ-ին Կապանում եղել է Վահանավանքի վերականգնման ուսանողական շինարարական ջոկատի հրամանատար:

 

 

1997թ-ին ընդունվել է «Ազգային միաբանություն» կուսակցության շարքերը: 2000 թ-ին ընտրվել է «Ազգային միաբանություն» կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպության նախագահ, 2003 թ-ից.' «Ազգային միաբանություն» կուսակցություն, փոխնախագահ:

 

 

Մամուլում տպագրված մի քանի տասնյակ հոդվածների հեղինակ է:

 

 

2012 թ-ի հունիսի 22-ից աշխատում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում՝ որպես խորհրդի անդամ:

 

 

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անձնակազմը, Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոյի աշխատակիցներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Սարգիս Մուրադխանյանի հարազատներին եւ ընկերներին, սգում իրենց վստահելի, նվիրված եւ փորձառու գործընկերոջ կորուստը: