Այն բանից հետո, երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Վերակազմյալ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը նախագահականում հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, իսկ ավելի ուշ «կողմ» քվեարկեց սահմանադրական բարեփոխումների նախագծին, կարծես թե այրվեցին բոլոր կամուրջները Լյուդմիլա Սարգսյանի և ՀԱԿ-ի միջև:
Այսօր Ազգային ժողովում ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով իր հասցեին մինչ օրս հնչող քննադատություններին, Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ շատ թեթև է վերաբերվում քննադատություններին.
«Թեթև, շատ թեթև եմ վերաբերվում, չի՞ երևում: Թեթև, որովհետև գիտեմ, որ վարվել եմ ճիշտ՝ ելնելով կուսակցական նպատակահարմությունից և կուսակցական մոտեցումներից: Կուսակցությունը որոշում է կայացնում, կուսակցության վարչությունը լիազորում է, ես կատարողն եմ»,- ասաց Սարգսյանը:
Անդրադառնալով «Այո և Ոչ» քարոզարշավին՝ Սարգսյանը նշեց, որ քարոզարշավի շրջանակներում իրենք հատուկ միջոցների չեն դիմելու:
«Վաղը երեկոյան ես գնում եմ Վանաձոր. հավաքվելու են կուսակցականները, համախոհները, ովքեր ուզում են մեզ լսել, և մենք ներկայացնելու ենք բարեփոխումների և՛ դրական, և՛ բացասական կողմերը:
Հասարակության հետ լայն մասսայական աշխատանքներ, բնականաբար, չեն տարվում, որովհետև դրա համար բավական մեծ ռեսուրսներ են դնում և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը:
Հասարակությունը, կարծում եմ, արդեն բավական իրազեկված է, բայց վստահ չեմ, որ հետաքրքրությունը մեծացել է, սակայն մարզային հանդիպումները, ռեալիթի շոուն, ինչ-որ բան տալիս են»,- ասաց Սարգսյանը:
Անդրադառնալով «Այո և Ոչ» քարոզարշավում հնչող տեսակետներին՝ Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ ամեն դեպքում զուգահեռներ տարվում են.
«Միշտ չէ, որ «Այո և Ոչ»-ի տեսակետներն ինձ համար ընդունելի են, կամ ես այդ կերպ կներկայացնեի, բայց ամեն դեպքում մարդկանց ինչ-որ հարցեր, եթե հուզում են, գոնե հարցնելու ձևով նրանք կարողանում են տեղեկանալ»:
Խոսելով նոյեմբերի 20-ին տեղի ունեցած հանրահավաքի մասին՝ Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ ուրախ է «Ոչ»-ի կայացած հանրահավաքի համար.
«Հանրահավաքային փորձ ընդդիմությունն ունի, նրանք կարողանում են հանրահավաք անցկացնել, ես կասեի նախորդի համեմատ շատ մարդ էին հավաքել, հետաքրքրությունը մեծացել է, և ես միայն ուրախ եմ:
Ուրախ եմ, որ «Ոչ»-ը կարողանում է համարժեք ներկայացնել իր տեսակետը, իսկ ո՞վ ասաց, որ Սահմանադրության փոփոխությանը կողմ լինելով, ես պիտի չուրախանամ ընդդիմության հաջողություննեով և չպետք է աջակցեմ»,- ասաց Սարգսյանը:
Գայանե Համբարձումյան