Ռուսաստանը կշարունակի օգտագործել Կասպից ծովի օդային տարածքն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի Սինայի թերակղզու երկնքում ռուսական օդանավի պայթեցման մեջ մեղավոր ահաբեկիչներին պատժելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը'Թուրքմենստանի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ժամանակ:

«Ինչ վերաբերում է տարածաշրջանում մեր բարեկամների' Կասպից ծովի օդային տարածքի օգտագործման հետ կապված մտահոգություններին, ապա Ղազախստանի բարեկամներն առայժմ ոչինչ չեն ասել, բայց մենք դա ի նկատի կունենանք: Մենք հասկանում ենք, որ ստեղծվում են որոշ անհարմարություններ, բայց մենք ձեզ հետ գիտենք, որ այն ջանքերը, որոնք ՌԴ-ն գործադրում է ահաբեկչության դեմ պայքարում, ծանրաբեռնում են, առաջին հերթին, Ռուսաստանը… Ահաբեկչական կազմակերպությունները, այնպիսիք, ինչպիսին է, այսպես կոչված, ԻԼԻՊ-ը և մյուսները, չեն խնայում ոչ մեկին, դրանք գազանությո ւններով են զբաղված, չեն խնայում այդ թվում նաև քաղաքացիական օդանավերը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, նշել է Պուտինը:

«Եթե ինչ-որ անհարմարություններ ստեղծվում են, ապա դրանք, իհարկե, պետք է նվազագույնի հասցնել… Սակայն, նկատի առնելով մեր ինքնաթիռի հետ կապված ողբերգական փորձը, մենք դա անելու ենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարենք մեղավորներին պատժելու համար»,- ընդգծել է ՌԴ Նախագահը;

Իր հերթին Բերդիմուհամեդովը ցավակցություն է հայտնել ՌԴ Նախագահին' Սինայի թերակղզու երկնքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, և նշել, որ Ղազախստանում անհանգստացած են Կասպից ծովի երկնքում իրավիճակի կապակցությամբ' ՌԴ ռազմական գործողությունների ենթատեքստում:

«Մեր ղազախ գործընկերները անհանգստացած են հարցերով, որոնք ծագում են Կասպից ծովի մակարդակի վրա: Դա կապված է նաև ռազմական հարցերի հետ»,- ասել է Բերդիմուհամեդովը:

Նրա խոսքով' այդ կապակցությամբ ծագում են նաև քաղաքացիական ավիահաղորդակցության վերաբերյալ հարցեր: «Այսինքն' պետք է արդյոք փոփոխել երթուղիների, էշելոնների և շարժման հետ առնչվող ավիահաղորդակցությունը: Կա նման անհանգստություն, ես չգիտեմ' տեղյակ եք, թե' ոչ: Մեր ղազախ գործընկերներն այդ մասին շատ են անհանգստանում»,- նկատել է Բերդիմուհամեդովը:

 

 

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողության ժամկետները կապված են ահաբեկիչների վրա սիրիական բանակի հարձակման հետ:

 

 

«Այդ գործողությունները հավերժ չեն անցկացվելու, ես ի սկզբանե խոսել եմ այն մասին, որ դրանք կրելու են ժամանակվոր բնույթ: Դա կապված է Սիրիայի ազգային բանակի' ահաբեկչական կազմակերպություններին ճնշելու հարձակողական գործողության հետ»,- ասել է Պուտինը:

 

 

«Կոգալիմավիա» ընկերության օդանավն հոկտեմբերի 31-ին աղետի էր ենթարկվել Սինայի թերակղզու երկնքում: Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ երթուղով թռիչք իրականացնող լայների նավակողին էին 217 ուղևորներ և անձնակազմի 7 անդամներ, որոնք բոլորը զոհվել են:

 

 

Նոյեմբերի 17-ին ՌԴ իշխանություններն աղետը որակել էին որպես ահաբեկչական գործողություն' դրա պատճառ համարելով լայների նավակողին ռումբի պայթյունը:

 

 

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մասնագետների գնահատմամբ' A321-ի նավակողին գործի է դրվել տրոտիլի 1 կգ-ին համարժեք հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքավորում: