Թուրք-սիրիական սահմանին թուրքական կողմը կործանել է ռուսական Սու-24 ինքնաթիռ:

 

Ռուսական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռը չի հատել Թուրքիայի սահմանը, Թուրքիան հակառակը՝ պնդում է, որ այն հատել է իրենց երկրի սահմանը, ավելին՝ իրենք քանիցս զգուշացրել են այդ մասին: Այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Սիրիայի երկնքում թուրքական զինվորականները խոցել են ռուսական Սու-24 ինքնաթիռը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ սա աննախադեպ իրադրություն է վերջին շրջանի համար, պետք է սպասել, որ երկու երկրների միջև կարող է բավականին սրվել իրավիճակը:

 

Մեր այն դիտարկմանը, թե ՌԴ-ի հայաստանյան ռազմակայանը ի՞նչ դերակատարում կարող է ունենալ ստեղծված դրության պայմաններում, Սաֆրաստյանն ասաց. «Եթե իրադրությունը Թուրքիայի և ՌԴ-ի միջև սրվում է, ապա կարող է Հայաստանում ռուսական ռազմաբազան բերվել պատրաստվածության բարձր մակարդակի»:

 

Հարցրինք՝ հնարավո՞ր է Հայաստանում ռուսական ռազմակայանը Թուրքիայի համար թիրախ դառնա, արևելագետն ասաց. «Որևիցե ռուսական օբյեկտի թիրախավորումը՝ նշանակում է երրորդ համաշխարհային պատերազմ: Պետք է լրջորեն հետևել իրադարձություններին, որովհետև իրադրությունը շատ արագ է զարգանում: Պետք է տեսնել ինչ զարգացումներ կլինեն և պատրաստ լինել ամեն հնարավորին»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Սաֆրաստյանը նկատում է, որ պետք է հստակ հասկանալ, առաջին՝ ՌԴ-ն միջուկային երկիր է, երկրորդ՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եթե երկու երկրնի միջև իրադրությունը սրվում է՝ նշանակում է սրվում է իրադրությունն ամբողջ աշխարհում:

 

 

Ն.Ա.