Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հանձնարարականով արտաքին գործերի նախարարությունը Սիրիայի տարածքում թուրքական օդուժի կողմից կործանված ռուսական ռազմական ինքնաթիռի հարցը կտեղափոխի միջազգային հարթակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Այս հարցով Թուրքիայի ԱԳՆ-ն մասնավորապես տեղեկատվություն է տրամադրելու ՆԱՏՕ-ին և Միավորված ազգերի կազմակերպությանը, ինչպես նաև դաշնակից երկրներին:

 

Նույն լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ ինքնաթիռի կործանման ժամանակ պարաշյուտով դուրս թռած երկու օդաչուներից մեկը հայտնվել է այդ վայրերում իշխանությունների դեմ մարտեր վարող թուրքմենների մոտ:

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ աշխատանքներ են տարվում օդաչուների ճակատագիրը հստակեցնելու ուղղությամբ:

 

Իսկ թուրքական «Զաման» պարբերականը հաղորդում է, որ ռուսական ինքնաթիռի կործանման հարցի առնչությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շտապ հավաք է հրավիրել:

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում ենթադրաբար ցամաքից արձակված կրակոցներից կործանված ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանին: Ռուսական կողմը հավաստիացնում է, որ կործանված Սու-24 ինքնաթիռը չի հատել Թուրքիայի օդային սահմանը, ինչն ամրագրված է հսկման օբյեկտիվ մեխանիզմներով: Կործանման պահին ինքնաթիռը գտնվել է 6 հազար մետր բարձրության վրա:

 

Մինչդեռ թուրքական կողմը հավաստիացնում է, թե ինքնաթիռը կործանվել է Թուրքիայի օդայկին սահմանը խախտելու հետևանքով: Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «2015 թվականի նոյեմբերի 24-ին 09:20-ի շրջանում անհայտ պատկանելության ինքնաթիռը Հաթայի Յայլադաղը շրջանում խախտել է Թուրքիայի օդային սահմանը՝ չնայած մի քանի անգամ (5 րոպեի ընթացքում 10 ա նգամ) արված նախազգուշացումներին: Միջազգային համաձայնագրերի շրջանակում վերոնշյալ ինքնաթիռը 09:24-ին այդ տարածքում թռիչքներ իրականացնող մեր երկու F-16 ինքնաթիռի կողմից կործանվել է»: Ավելի վաղ ինքնաթիռի կործանման առնչությամբ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ հայտնելով դեպքի մանրամասները: