Ռուսական Սու-24-ի հետ կատարված ողբերգությունը, որը խոցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից, լուրջ հետևանքներ կունենա Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություններում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

«Այդ ողբերգական իրադարձությունը լուրջ հետևանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերություններում: Մենք միշտ Թուրքիային վերաբերել ենք ոչ միայն որպես մոտ հարևանի, այլև որպես բարեկամ պետության: Ես չգիտեմ, թե ում էր հարկավոր այն, թե ինչ է արվել այսօր, ամեն դեպքում՝ ոչ մեզ»,- ասել է Պուտինը՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հանդիպման ժամանակ:

 

«Մեզ հետ անհրաժեշտ կապն անհապաղ հաստատելու փոխարեն, որքանով տեղյակ ենք, թուրքական կողմը դիմել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին՝ այդ հարցը քննարկելու համար, կարծես թե մենք ենք խոցել իրենց օդանավը, այլ ոչ թե նրանք՝ մերը»,- ասել է ՌԴ նախագահը:

 

Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 24-ին, ռուսական Սու-24 ինքնաթիռը աղետի է ենթարկվել Սիրիայում: Պուտինը նշել է, որ ինքնաթիռը խոցվել է «օդ-օդ» դասի հրթիռով, որն արձակվել է թուրքական F-16-ից և ընկել Սիրիայի տարածքում: