ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այն կարծիքին է, որ ուսումնական հաստատություններում ապօրինի քարոզչություն ավելի շատ են իրականացնում «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները, քան «Այո»-ի:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի՝ նախարարին ուղղված այն հարցրին, թե արդյոք ինքը կոնկրետ ինֆորմացիա ունի՞ դպրոցներում կամ բուհերում իրականացվող ապօրինի քարոզչության մասին, Աշոտյանը պատասխանեց.
«Ընդամենը մեկ դեպք կա հաստատված, որի հետ կապված վարչական համապատասխան վարույթ է իրականացվել: ԿԸՀ-ն քարոզչության հենց սկզբից սահմանել է դպրոցների ցանկ, որոնց դահլիճներում կարող են և՛ «Այո»-ները, և «Ո՛չ»-երն իրականացնել հանդիպումներ: Ապօրինի են համարվում այն հավաքները, որոնք իրականացվում են այդ ցանկում չեղած դահլիճներում, կամ դասերի հաշվին կամ ժամին»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ բացահայտված դեպքի հետ կապված՝ շնորհակալություն հայտնելով պատգամավոր Տաճատ Վարդապետյանին, ով լեզվի սայթաքմամբ մամուլում հայտարարել էր իր կողմից դպրոցում իրականացված քարոզչության մասին:
Ասաց նաև, որ այդ դպրոցի տնօրենը ժամանակավոր պաշտոնակատար է եղել, հակառակ դեպքում՝ կհեռացվեր պաշտոնից, «որպեսզի մնացած բոլորի համար դաս լիներ»:
Մեր խնդրանքով նախարարը բերեց հստակ անուններ, թե որտեղ են «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչներն ապօրինի քարոզչություն իրականացրել: «Օրինակ՝ ԵՊՀ-ում, Թերլեմեզյանի քոլեջում: «Ոչ»-ի քարոզչության խախտումների դեպքերը տասնապատիկ ավելի շատ են, քան «Այո»-ինը»,- ասաց Աշոտյանը:
Ն.Ա.