ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հիշեցրել է, որ մենք կարող ենք հանգիստ լինել մեր սահմանի անվտանգության համար, որովհետև մեր բանակը մարտունակ է, և սահմանի պաշտպանության կարևորությունը գիտակցում են թե՛ սովորական քաղաքացիները, թե՛ Արցախի էլիտան, քանի որ այս պահին Բակո Սահակյանի և Արցախի անվտանգության ծառայության ղեկավարի որդիները նույնպես ծառայություն են իրականացնում սահմանային զորամասում: Իսկապես որ լավ է, երբ պետության իշխանությունների կողմից նման մոտեցում կա, երբ երկրի էլիտայի ներկայացուցիչները տարբերություն չեն դնում իրենց որդիների և շարքային քաղաքացիների որդիների միջև, չեն ազատում իրենց որդիներին զինվորական ծառայությունից: Սակայն, ցավոք, այս դեպքում խոսք եղավ միայն Արցախի իշխանությունների մասին, իսկ Հայաստանի էլիտայի մասին նույնն ասելը դժվար կլինի, քանի որ բազմիցս է խոսվել այն մասին, որ Հայաստանի շատ ու շատ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ (իշխանական, նաև՝ ոչ իշխանական) իրենց զավակներին հաջողությամբ ազատել են զիվորական ծառայությունից՝ դրանով իսկ փաստորեն դարձնելով նրանց դասալիք:
Ցանկալի կլիներ, որ այս հարցում Հայաստանն Արցախից օրինակ վերցներ:
Կարեն Վարդանյան