Մինչ բոլորիս ուշադրության կենտրոնում ռուս-թուրքական առճակատումն էր, անցած գիշեր ահաբեկչության դեմ պայքարի իսկական թատերաբեմի է վերածվել Երևանի Նորք թաղամասը, որի առանձնատներից մեկում' ԱԱԾ և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները վնասազերծել են հանցավոր մի խումբ, որի տասն անդամները ձերբակալված են' թեև պաշտոնական հաղորդագրության մեջ խոսվում է խմբում հավաքագրված 19 մարդու մասին:

 

 

ԱԱԾ հաղորդագրությունը հուշում է, որ Երևանում կանխվել է ահաբեկչություն: Ոմանք այս վարկածին հավատում են՝ պնդելով, որ համակարգի կոռումպացվածությունն ու հասարակության համատարած չքավորությունը պարարտ հող են ստեղծել երկրում արմատական տրամադրությունների արմատավորման համար: Սակայն կան նաև թերահավատներ, ովքեր պնդում են, թե Երևանում բացահայտվածը շարքային հանցագործություն է, իսկ դրա դեմ իրականացված գործողությունը տիրաժավորվեց, որովհետև «ահաբեկչության դեմ պայքար» բրենդային է դարձել աշխարհում, ասել կուզի' Հայաստանի իշխանությունները շոու են կազմակերպել' իրենց քաղաքական կշիռը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարում իրենց առաքելությունն ընդգծելու համար:

 

 

Ինձ հատկապես հետաքրքրում է այս իրական կամ մտացածին ահաբեկչական խմբավորման քաղաքական այցեքարտը, այսինքն' նրանց հնարավոր կապերը քաղաքական միավորների հետ: Հայտարարվել է, որ հանցախմբի ղեկավարն Արթուր Վարդանյանն է, «Հայոց վահան» անունը կրող խմբում գերակշռում են սփյուռքահայերը, ընդգրկված են նաև կանայք և ազատամարտիկներ: Կարծես թե' նկարագրվում է մոտ ժամանակներս Հայաստանում հեղափոխություն խոստացած քաղաքական միավորներից մեկի մինիմակետը' թեև պատկան մարմիններն առայժմ չեն բացահայտում վնասազերծված հանցախմբի հնարավոր քաղաքական տանիքը:

 

 

 

Իրո՞ք Հայաստանում պլանավորվել են ահաբեկչական գործողություններ ու դա ինչքանո՞վ է կապված սահմանադրական հանրաքվեի հետ: Կամ արդյո՞ք իշխանություններն իրենք են ուզում չեզոքացնել այն օջախները, որոնք կարող են խանգարել սահմանադրական փոփոխություններով պայմանավորված իշխանության ծրագրերի իրականացմանը: Ժողովրդական լեզվով ասած՝ կամ ինչ-որ մարդիկ, ուժեր իսկապես ուզեցել են վնասել իշխանություններին՝ չհասցնելով դա անել, կամ էլ' իշխանությունն է փորձում «հաշիվ մաքրել» ինչ-որ մարդկանց, ուժերի հետ՝ բեմականացնելով այսօրվա շոուն:

 

 

Առայժմ հետևություններ չանենք' սպասելով զարգացումներին:

 

 

Սուրեն Սուրենյանց