Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ- 2016» երգի մրցույթին կմասնակցի 43 երկրի պատվիրակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով մրցույթի պաշտոնական' eurovision.tv կայքը, այս անգամ մրցույթ են վերադարձել մի շարք երկրներ: Դրանց թվում են Ուկրաինան, որը մեկ տարի չի մասնակցել «Եվրատեսիլ»-ին, Բոսնիա և Հերցոգովինան, որը վերջին անգամ մրցել է 2012-ին, Բուլղարիան և Խորվաթիան (վերջին ելույթը՝ 2013-ին), ինչպես նաև 2014-ին առաջին անգամ մրցույթին մասնակցած Ավստրալիան:

 

 

«Եվրատեսիլ 2016»-ին մասնակցելու են Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Շվեդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան և Մեծ Բրիտանիան։

 

 

Թուրքական TRT հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Թուրքիան կրկին չի մասնակցի «Եվրատեսիլ 2016»-ին։

 

 

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Մանս Զելմերլոուն, ում շնորհիվ էլ այն այս տարի կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: «Եվրատեսիլ-2016»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին:

 

 

«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը։