Հայաստանում հունվարին և փետրվարին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1 աստիճանով, իսկ Շիրակի մարզում և Արարատյան դաշտում՝ 2 աստիճանով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը' նշելով, որ 2015-2016 թվականներին սպասվում է տաք ձմեռ: «Տաք ձմեռ ասելով' մենք նկատի չունենք, որ ամբողջ ձմռան ընթացքում լինելու է գարնանային եղանակ, ուստի գյուղատնտեսներին հորդորում ենք այգեթաղ անել»,- զգուշացրեց օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:
Ձմռան ամիսներին տեղումների քանակը նորմայից բարձր կլինի: Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում դեկտեմբերի առաջին կեսին օդի ջերմաստիճանը կտատանվի +4-+7 աստիճան Ցելսիուսի սահմաններում, սակայն ամսվա երկրորդ կեսին' գիշերվա ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի անկում մինչև -17-23 աստիճան: Լոռիում ձմռան առաջին տասնօրյակում կլինի +10-+14 ջերմաստիճան տաքություն, իսկ ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանը կնվազի -15-20 աստիճան: Տավուշում դեկտեմբերի առաջին կեսին ջերմաստիճանը կլինի +12-+15, ամսվա երկրորդ կեսին' -10-15 աստիճան: Սյունիքում ամսվա առաջին կեսին սպասվում է +10-+15, իսկ ամսվա երկրորդ կեսին կլինի -7-12 աստիճան Ցելսիուս: Ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանը հովտային շրջաններում գիշերը կնվազի -8-12, իսկ լեռնային շրջաններում՝ -11-16 աստիճան:
Մայրաքաղաքում դեկտեմբերի առաջին կեսին ցերեկային ժամերին սպասվում է մոտ +10 աստիճան տաքություն, ամսվա երկրորդ կեսին' գիշերը ցածրադիր մասերում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -12-15, իսկ բարձրադիր մասերում՝ -10-12 աստիճան:
2015 թվականին գրանցվել է չորս օդերևութաբանական ռեկորդ' եղել է տաք ձմեռ, շատ շոգ ամառ, աննախադեպ խոնավ հոկտեմբեր, իսկ Վանաձորում գրանցվել է քամու պոռթկում' 40մ/վ արագությամբ: