Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը նորընտիր Միլի Մեջլիսի նոյեմբերի 24-ին տեղի ունեցած առաջին նիստում խոսել է երկրում գոյություն չունեցող զարգացումից և դարձյալ ժխտել իրականությունը' խորհրդարանականներին հանձնարարելով իր ասածները հասցնել ժողովրդին:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ի փոխանցմամբ' Ալիևը նախ հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններն «ամբողջությամբ արտահայտել են ժողովրդի կամքը, ընտրություններն անցել են թափանցիկ, արդար, բարձր մրցակցության պայմաններում»:

 

 

Հետո նշել է, որ երկրում ապահովված են բոլոր ազատությունները' խոսքի ազատությունը, քաղաքական գործունեության ազատությունը, մամուլի ազատությունը, հավաքների ազատությունը, խղճի, կրոնի ազատությունը:

 

 

«Այսինքն, Ադրբեջանի ժողովրդի և համաշխարհային հասարակության բոյկոտի ենթարկած, հարյուրավոր ընտրակեղծիքներ գրանցած, ընտրվելիք անձանց ինքնությունը նախապես որոշված ընտրություններն Ալիևը ներկայացրել է որպես «ժողովրդի կամք»: Ավելին, Ալիևը հայտնել է, որ կեղծ մեղադրանքներով լրագրողներ, իրավապաշտպաններ, կրոնավորներ ձերբակալած երկրում ապահովված են բոլոր ազատությունները: Այսօր Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանտարկյալ կա, և բոլոր միջազգային կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել այդ անձանց»,- Ալիևին հակադարձել է թերթը:

 

 

Թերթը հայտնում է, որ Ադրբեջանի առաջնորդի ֆանտաստիկ մտքերը չեն ավարտվում ընտրությունների և ազատությունների մասին նրա արտահայտություններով:

 

 

Ալիևը նաև հայտնել է, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը հաջողությամբ, արագորեն և բազմակողմանի զարգանում է, երկրի միջազգային հեղինակությունը բարձրանում է, Ադրբեջանը ճանաչվում է որպես վստահելի պետություն, վերջին տարիներին աշխարհում արագորեն զարգացող միակ երկիրը Ադրբեջանն է, աղքատության և գործազրկության բնագավառում երկիրը մեծ հաջողությունների է հասել, և որոշ երկրներ էլ օրինակ են վերցնում Ադրբեջանից:

 

 

Թերթը զարմանք է հայտնում, թե ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը իրականությանը չհամապատասխանող այդքան սուտ մտքեր հնչեցնել և պատասխանատվություն չզգալ:

 

 

«Այդ ո՞ր հաջողությունից է նա խոսում: Ինչպե՞ս կարելի է խոսել հաջողությունից մի երկրում, որտեղ արտահանումը 52 տոկոսով պակասել է, 2,5 մլն քաղաքացի խեղդվում է պարտքերի մեջ, տնտեսությունն ամբողջությամբ կախված է նավթից, կրթությունը, առողջապահությունը, իրավական համակարգը քայքայված վիճակում են, պետբյուջեն 5 մլրդ դոլարով պակասել է: Այդ ո՞ր երկիրն է, որ ցանկանում է օրինակ վերցնել Ադրբեջանից: Խայտառակություն է խոսել մի երկրում զարգացումից, որը չի կարողանում սեփական արտադրությամբ ապահովել անգամ բնակչության սոխ-կարտոֆիլի պահանջարկը», -գրում է թերթը:

Թերթը նշում է, որ Եվրամիությունը, ԵԱՀԿ-ը, ԵԽԽՎ-ն խոսում են Ադրբեջանում ընտրական կեղծարարություններից, աշխարհի հեղինակավոր երկրները' Ադրբեջանում առկա համատարած կոռուպցիայից, մենատիրությունից, ազատությունների խեղդումից, իսկ երկրի նախագահը հայտարարում է վստահելի գործընկեր լինելու մասին:

«Գիշեր-ցերեկ իշխանության ներկայացուցիչները, հեռուստաալիքները, ռեժիմի մամուլը զբաղված են Եվրոպային, ԱՄՆ-ին հայհոյելով, ասում, թե աշխարհը Ադրբեջանի դեմ կանխակալ է և նախանձում է: Եթե Ադրբեջանն իսկապես վստահելի գործընկեր է, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել այդ «սև արշավը»:

Ադրբեջանում առկա ծանր սոցիալական վիճակի պատճառով ամեն օր ինքնասպանության դեպքերի մասին ենք լսում, գործազրկության պատճառով միլիոնավոր քաղաքացիներ մեկնել են արտասահման, Ադրբեջանի շրջաններում, գյուղերում երիտասարդներ չեն մնացել, ամեն օր պետական և մասնավոր հաստատություններում կրճատումներ են արվում, հասցեագրված սոցիալական օգնություն ստացողների թիվն աճում է: Այս բոլորից հետո իշխանությունը խոսում է աղքատության և գործազրկության նվազումից, արագ զարգացումից: Ժամանակ առաջ Ալիևն ասել է, որ վիճակը ծանր է լինելու: Այդ ինչպե՞ս է, որ և վիճակը ծանր է, և արագորեն զարգանում ենք», -շարունակում է թերթը:

 

 

Թերթը հավելում է, որ ներքին անվտանգության հարցը և նավթի էժանացումը սթրես է առաջացրել Ադրբեջանի վերնախավում: Իշխանությունը հասկանում է, որ ի տարբերություն իրենց ասածների, իրականությունը խիստ ցավալի է: Սոցիալ-տնտեսական վիճակի ծանրացման հետ բնակչության դժգոհությունն աճում է, ևիշխանության դեմ ագրեսիան ուժեղանում է: Այդ պատճառով էլ երկրի ղեկավարը առաջնային է համարում ներքին վերահսկողության ուժեղացումը: Երկրի ղեկավարը գիտի, որ իր թիմին միավորող արժեքը փողն է: Իսկ ներկայում փողի հոսքը նվազել է, և դա զայրացնում է իրեն շրջապատող չինովնիկներին: Փողի նվազումը կարող է մասնատել իշխող թիմը, և դրա առաջին նախանշաններն արդեն երևում են: Այդ պատճառով էլ երկրի ղեկավարը չինովնիկներին հանգստացնում է, թե համբերեք, լավ կլինի:

 

 

«Մի խոսքով, Միլի Մեջլիսում երկրի ղեկավարի ասածները հակառակ են երկրի իրողություններին և վիճակագրական թվերին: Նշանակում է, կառավարության սուտ քարոզչությունը շարունակվելու է: Երկրի ղեկավարն էլ մեսիջ հղեց, թե հետադարձ ճանապարհ չկա և պետք է շարունակել խոսել զարգացումից»,- ամփոփել է թերթը: