Ժամանակին լրատվամիջոցները գրում էին, թե Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ինչքան ազգական-բարեկամ-ծանոթ-քավոր-սանիկ-քենի-բաջանաղ-հարևան-հարևանի քավոր ունի, բոլորին տեղավորել է Վանաձորում գործող պետական տարբեր հաստատություններում աշխատանքի: Այսինքն՝ դարբինյանների մի հսկայական ցանց է ստեղծել՝ երևի թե նաև իր ապահովության համար: Դե իհարկե, մարդը նման դեպքերում մտածում է, որ բարեկամը բարեկամի դեմ դուրս չի գա, պառակտումներ չեն լինի, կաշխատեն հաշտ ու համերաշխ, ինքն էլ կվայելի քաղաքապետի իր աթոռը: Բայց պարզվում է, որ դարբինյանները նույնպես կարող են իրենց մեջ իրենց ընդդիմությունն ունենալ: Երեկ լրատվամիջոցներից տեղեկացա, որ Սամվել Դարբինյանի ազգական Վիկտոր Դարբինյանը դատախազությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել քաղաքապետի ու նրա եղբոր գործողությունների վերաբերյալ:

 


Մանրամասների մեջ խորանալ չեմ ուզում, բնական է, որ ազգական Դարբինյանը քաղաքապետ Դարբինյանի հետ խնդիրներ ու հակասություններ է ունեցել, սրանք «ներդարբինյանական» խնդիրներ են: Կարևորն այստեղ այն է, որ ազգական-քավոր-սանիկ-բաջանաղական-տոհմատիրական կարգերը Հայաստանում կամաց-կամաց դառնում են ոչ ակտուալ, որովհետև պաշտոնյայի բարեկամն էլ կարող է մի օր հակառակորդ դառնալ, մանավանդ եթե պաշտոնյան, մեղմ ասած, ազնիվ չի աշխատում: Ուստի, հարգելի պաշտոնյաներ, հանգիստ կարող եք ձեր հիմնարկներում այսուհետ աշխատանքի ընդունել իսկապես մասնագետներին, այլ ոչ թե միայն ոչ մասնագետ բարեկամներին: Աշխատանքն էլ դրանից ավելի որակյալ կդառնա:

 

 

Կարեն Վարդանյան