Կյանքի 89-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը: Այս մասին նոյեմբերի 30-ի առավոտյան ՏԱՍՍ-ին հայտնել են ռեժիսորի ընտանիքի անդամները:

 

«Ցավոք, մենք պաշտոնապես հաստատում ենք այդ տեղեկությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Ռեժիսորի մահվան պատճառը սրտի սուր անբավարարվածությունն է եղել:

 

Նշվում է, որ ռեժիսորը նոյեմբերի 21-ին հոսպիտալացվել էր, մինչ այդ էլ այս տարվա ընթացքում մի քանի անգամ բուժում է ստացել հիվանդանոցում: Վերջին անգամ հիվանդանոց էր տեղափոխվել արյան շրջանառության սուր խախտում ախտորոշմամբ:

 

Ռյազանովը նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, որոնք բոլորն էլ հիթեր էին դարձել: Նրա նկարահանած ամենահայտնի ֆիլմերից են «Կառնավալային գիշեր»-ը, «Զգուշացիր ավտոմեքենայից»-ը, «Հուսարական բալլադ»-ը, «Աշխատանքային սիրավեպ»-ը, «Ավտոտնակ»-ը, «Ճակատագրի հեգնանքը, կամ' բաղնիքդ անուշ»-ը, «Կայարան երկուսի համար»-ը: