ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գնահատմամբ՝ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրումից քառասուն տարի անց աշխարհն ապահով չէ, եւ Եվրոպայի ներկա իրավիճակը հիշեցնում է առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակը, երբ աշխարհաքաղաքական շահերը հաղթեցին քաղաքական համագործակցությանը: Բելգրադում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Լավրովը նշել է, որ ժամանակակից Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ նման շքեղություն հատկապես հիմա, երբ Եվրոպայի առջեւ ծառացել է ներգաղթյալների հարցը, և երբ Եվրոպան միջամտում է անկախ պետությունների գործողություններին:
«Փարիզում եւ այլ վայրերում տեղի ունեցած ահաբեկչությունները փաստում են, որ անվտանգություն չի կարող լինել առանց համատեղ գործողությունների: Այս առնչությամբ մենք առաջարկում ենք ստեղծել հակաահաբեկչական կոալիցիա, որը ոչ միայն Եվրոպայում այլեւ Մերձավոր Արեւելքում կպայքարի ԻԼԻՊ-ի դեմ: Իսլամական պետության դեմ պայքարն ամենակարեւորն ու առաջնայինը պետք է լինի, որից հետո միայն կարելի է լուծել այդ հարցերը»,- ասաց Լավրովը՝ հավելելով, որ շատ կարեւոր է, որպեսզի քաղաքական վիճակը կայունանա Սիրիայում, Լիբիայում, Եմենում: Այս առումով Լավրովը կար եւորում է, որ դա կատարվի ազնիվ կերպով եւ առանց իմիտացիաների: «Անթույլատրելի է ահաբեկիչներին բաժանել լավերի եւ վատերի: Նրանցից ոչ ոք չպետք է լինի բանակցությունների սեղանին: Սիրիայի հարցով բանակցությունների սեղանին պետք է լինի միայն երկրի կառավարությունը, եւ հենց նրանք պետք է որոշեն երկրի ապագան: Արմատականներն այդտեղ գործ չունեն: Շատ վտանգավոր են միջկրոնական բախումները: Մեր նպատակն է, որ բոլոր հոգեւոր առաջնորդները միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը կարեւորել է նաեւ ներգաղթյալների հարցում լուրջ եւ համագործակցային աշխատանքը: Նա շեշտել է, որ ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիրը պետք է դասեր քաղի նախկին սխալներից եւ իրադարձություններից, այդ թվում արաբական գարունից: