Հայաստանում մեկնարկել է Սահմանադրական հանրաքվեն: 1997 տեղամասեր առավոտյան 08.00-ից բաց են, կփակվեն 20.00-ին:
Ըստ ոստիկանության ներկայացրած տվյալների քվեարկության օրվանից 1 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է՝ 2.550.323:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին կհետևեն վեց միջազգային կազմակերպություններ ներկայացնող դիտորդներ:
Միջազգային դիտորդների թվում կլինեն, մասնավորապես, ԱՊՀ դիտորդական առաքելության 44 ներկայացուցիչներ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 23 դիտորդներ, այլ երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովների 33 ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 11 դիտորդներ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 5 ներկայացուցիչներ:
Բացի այդ, քվեարկության ընթացքին կհետևեն Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:
Սպասվում է նաև, որ հանրաքվեին ընտրատեղամասերում կլինեն 18 տեղական հասարակական կազմակերպությունների ավելի քան 3000 ներկայացուցիչներ: