Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հետընթաց ենք գրանցել. եթե նախորդ տարիներին սպառողի իրավունքի ոտնահարման դեպքերին պատկան մարմինները որոշ չափով արձագանքել են, ապա այս տարի լիազոր կառույցները տեղից չեն շարժվել: Մարդու իրավունքների պաշտպանության օրվա համատեքստում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Այս տարին բավական ունիվերսալ ստացվեց, այն էլ՝ վատ իմաստով, առաջընթաց ունենալու փոխարեն' հետ գնացինք, նույնիսկ կայուն վատ վիճակում չմնացինք, ինչպես նախորդ տարիներին էր»,- շեշտեց նա:
Անցնելով ոլորտային գնահատականների՝ Բաբկեն Պիպոյանը նախ անդրադարձավ ոչ պարենային ապրանքների վերահսկողությանը և փաստեց, որ տարվա ընթացքում գրանցվեցին գազաբալոնների պայթյուններից մահացության դեպքեր, մինչդեռ իրավասու գերատեսչությունը՝ Էկոնոմիկայի նախարարությունը, սահմանափակվեց միայն պոպուլիստական հայտարարություններով:
«Արտակարգ իրավիճակների նախարարությունը գոնե որոշակի գործողություններ իրականացրեց, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը, որը հիմնական քաղաքականություն մշակողն էր, բացառապես անգործության էր մատնված»,- հայտարարեց Բաբկեն Պիպոյանը՝ հիշեցնելով, որ բազմաթիվ հրապարակումներով հորդորել են ականջալուր լինել. «Եթե տուգանք չէր կիրառվելու, գոնե կարելի էր պարտադրել բոլոր գազալցակայաններին, որ վահանակների վրա հրապարակեն, թե ինչ ճնշման տակ կարելի է լիցքավորում իրականացնել և ինչ ջերմաստիճանում: Սպառողի համար էլ «թեժ գիծ» պետք է լիներ, որպեսզի խախտում նկատելու դեպքում սպառողը կարողանար զանգ կատարել։ Այս համակարգի ներդրումը կտաներ որոշակի ինքնակարգավորման»:
Բաբկեն Պիպոյանը շեշտեց՝ Էկոնոմիկայի նախարարությունը գերազանցեց ինքն իրեն՝ պետական վերահսկողությունից դուրս թողնելով ոլորտը, քանի որ ներկա պահին փաստացի չի գործում շուկայի վերահսկողության պետական տեսչությունը: Պատճառը՝ տեսչական բարեփոխումներից հետո դեռ հարմար պետ չեն գտել:
Անցնելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությանը, սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավարը նկատեց՝ եթե Էկոնոմիկայի նախարարությունը գոնե մեկ-երկու դեպքի արձագանքել է, ապա ՀԾԿՀ-ն բացարձակ ոչինչ չի արել: Մասնավորապես՝ միայն ՀԵՑ-ի վաճառքից հետո պարզ դարձավ, որ եղել են էլեկտրաէներգիայի կորուստներ:
Սննդի անվտանգության պետական ծառայությունն իր անգործությամբ որևէ բանով ըստ Պիպոյանի, չի տարբերվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, երբ այս տարի գրանցվել է սննդային թունավորումների բարձր ցուցանիշ և Առողջապահության նախարարությունը հրապարակել դրանց պատճառները:
Մարդու իրավունքների պաշտպանության օրը Բաբկեն Պիպոյանը չանտեսեց նաև ՄԻՊ-ին. չցանկանալով սուր քննադատությունների ենթարկել կառույցին՝ համարելով դա ՀՀԿ-ի մենաշնորհը, սպառողների իրավունքների պաշտպանն ակնարկեց, որ Պաշտպանը թունավորումների և էլեկտրաէներգիայի թանկացման դեպքերում չի եղել սպառողների կողքին: