Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 11-ին Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդարանում հանդիպել է Բուենոս Այրեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Հանդիպմանը ներկա են եղել Արգենտինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Հայ կաթողիկե եկեղեցու Հարավային Ամերիկայի թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Պողոսյանը, Արգենտինայի հայոց թեմի հոգեւոր սպասավոր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, թեմական խորհրդի եւ հայ կենտրոնի ատենապետ Ալբերտո Ճերեճյանը, արգենտինահայ համայնքի մի շարք հաստատությունների, կազմակերպությունների, կուսակցությունների եւ միությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով և նշել.

 

«Սիրելի հայրենակիցներ,

 

Անչափ ուրախ եմ բարեկամ Արգենտինայում գտնվելու եւ Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը մի պետություն է Սփյուռքով եւ միանգամայն այլ պետություն՝ առա նց Սփյուռքի: Պետք է նշեմ, որ այսօր ավելի քան երբեւէ գործում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Այդ միասնությունն է նախ եւ առաջ լինելու մեր հաջողությունների եւ հետագա ձեռքբերումների առհավատչյան:

 

Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների ձեւավորման հիմքում ընկած եք նախ եւ առաջ դուք, սիրելի արգենտինահայեր: Դուք բազմիցս եք ապացուցել, որ ապրելով օվկիանոսից այն կողմ, լինելով Արգենտինայի օրինապահ քաղաքացիներ՝ մնացել եք հայ եւ այստեղ ձեւավորել մի փոքր Հայաստան:

 

Սիրելի հայրենակ իցներ,

 

Հայոց պետականության վերականգնմամբ հայ ժողովուրդը գտավ իր հենման ամուր կետը, որպեսզի հանդիսանա ինքն իր ճակատագրի դարբինը:

 

Արցախյան հերոսամարտում հայ ժողովրդի հաղթանակը հնարավոր եղավ մեր ազգի միասնական ուժերի համախմբման արդյունքում, որտեղ անուրանալի էր Սփյուռքի մեր եղբայրների դերը: Այսօր էլ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը եւ մերժել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

 

Ցավոք, վերջին օրերին մենք ունեցանք անդառ նալի կորուստներ. հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհվեց երկու զինծառայող: Այս իրադարձությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը չի հրաժարվում Արցախյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից: Այդ երկիրն այդպես էլ անցյալից դասեր չքաղեց. Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը 90-ականներին հոխորտում էր, որ հակամարտությունը կլուծի ռազմական ճանապարհով' սպառնալով գրավել Սեւանը: Իրադարձությունները, սակայն, այլ կերպ զարգացան. ադրբեջանցիները ստիպված եղան հայերից զինադադար աղերսել:

 

Մենք Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք եւ, որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, վերահաստատում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում. դա է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մենք պետք է սատար լինենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Այսօր առավել քան երբեւէ անհրաժեշտ է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը:

 

Սիրելի արգենտինահայեր,

 

Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները նոր սկիզբ են հանդիսանալու Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման եւ ժխտողականության դեմ պայքարում: Մենք շնորհակալ ենք բարեկամ Արգենտինային, որ ընդունել եւ օրենքի ուժով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Մարդկային հասարակության դեմ իրագործված ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Աշխարհը պետք է դատապարտի ոճրագործներին, ինչպես նաեւ պայքարի թուրքական ժխտողականության դեմ, քանի որ ցեղասպանության ժխտումը նույնքան հանցավոր է, որքան ցեղասպանության իրականացումը: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ իրավացիորեն նշեց. «Հայոց ցեղասպանության 100-ամյակը հիշելը պարտադիր է, որովհետեւ որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը, իսկ թաքցնել հանցանքը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի»:

 

Հարգելիներս,

 

Թույլ տվեք եւս մեկ անգամ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ բոլորիդ Հայրենիքի հետ կապը պահելու, Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ բարեկամության կամուրջ լինելու, ինչպես նաեւ հայապահպանության գործում ձեր անուրանալի ավանդի համար: Հպարտ եմ, որ այստեղ՝ Բուենոս Այրեսում, հանդիպելով ձեզ՝ ներշնչվեցի ձեզանով եւ հերթական անգամ համոզվեցի, որ հայն անկոտրում է իր ոգով՝ թեկուզեւ ապրելով օվկիանոսից այնկողմ: Ինչպես կասեր մեծն Գարեգին Նժդեհը, լինենք ուժեղ, էլի ուժեղ եւ միշտ ուժեղ:

 

Շնորհակալություն ուշադրության համար»: