ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության անդամ Էդմոն Մարուքյանը համոզված է' Հայաստանի քաղաքական ներկապնակում նոր գույն կավելանա «Լուսավոր Հայաստան» կուսակցության ստեղծմամբ: Դեկտեմբերի 12-ին կայացավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության 245 պատվիրակների մասնակցությամբ համագումարը համարվեց իրավազոր ու բացված:

 

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այսօրվանից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սկսում է իր երկար քայլերթը դեպի լուսավոր Հայաստան: «Մեր կուսակցության առաջնային թիրախներից է կառավարման անարդյունավետ, շատ ծախսատար համակարգի փոփոխությունը: Մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա փոքր, բայց արդյունավետ կառավարություն: Մեր հաջորդ թիրախը կլինի կոռուպցիայի դեմ պայքարը, անողոք պայքար ենք մեղելու պետական միջոցների անարդյունավետ ծախսման դեմ: Մենք ստեղծելու ենք մի համակարգ, որի պայմաններում հարկատուն վստահ կլինի, որ իր վճարած հարկերը ծախսվում են իր պետության կարիքների համար»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

 

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը տեսնում են ուժեղ տնտեսություն ստեղծելու մեջ: «Մենք չենք կարող հայանպաստ լուծումներ ունենալ համահայկական խնդիրների համար, եթե չունենանք զարգացող տնտեսություն: Արցախի հարցի լուծման հայանպաստ տարբերակը տեսնում ենք ուժեղ տնտեսության մեջ»,-ավելացրեց պատգամավորը:

 

Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ կողմ են լինելու Հայաստանի' եվրոպական պետության մոդելի ձևավորմանը, ըստ այդմ' նա կոչ արեց վերսկսել բանակցությունները Եվրամիության հետ:

 

«Լուսավոր Հայաստան» նախաձեռնության մեկ այլ անդամ էլ' Հայկ Կոնջորյանը նշեց, որ Հայասանում պետք է շատ արագ տեղի ունենա քաղաքական սերնդափոխություն: Նրա խոսքով' քաղաքական վերնախավի միջին տարիքը բարձր է 55-ից, իսկ երիտասարդները մեծապես ընդգրկված չեն երկրի կառավարման գործում: «Երիտասարդները չպետք է մի քանի պատգամավորի տեսքով ներկայացված լինեն Ազգային ժողովում: Երիտասարդությունը, նոր գաղափարների, նոր արժեքների կրողը լինելով, պետք է քաղաքական սերնդափոխության կենսաբանական փաստը վերածի բովանդակային փոփոխության»,-ասաց Հայկ Կոնջորյանը' հավելելով, որ երիտասարդությունը Հայաստանի ներկան է, ոչ թե ապագան:

 

Համագումարի ժամանակ ելույթ ունեցան նաև նախաձեռնության այլ անդամներ: Ելույթների ավարտին քվերակությամբ կորոշվեն կուսակցության խորհրդի նախագահն ու անդամները: Կտրվի կուսակցության ձևավորման մեկնարկը:

 

Համաձայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրի' նոր ստեղծվող քաղաքական ուժի նպատակն է ՀՀ-ում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը: Կուսակցությունը ազատական, առաջադիական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է: