Պոլսի մամուլի ասուլիսների եւ համագումարների հատուկ կենտրոնում տեղի է ունեցել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատին նվիրված մամուլի ասուլիս, որը կազմակերպել են դատի հանձնախմբի անդամ թուրք փաստաբանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ներկայացրել են Կաթո ղիկոսարանի միջեկեղեցական և տեղակատվական բաժանմունքների վարչի Գերապատվելի Տեր Հուսիկ ծայրագույն վարդապետ Մարտիրոսյանը և Լսատեսողական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ տեր Պետրոս Վարդապետ Մանուելյանը:

 

Մամուլի ասուլիսին ներկա են եղել Թուրքիայի և միջազգային մամուլի կարևոր պարբերականների' «Հուրիեթ»-ի, «Ռադիկալ»-ի, «Ռոյթերզ»-ի, BBC-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական զանազան հոսանքների հարող մտավորականներ, Թուրքիայում Իռլանդիայի և Հոլանդիայի հյուպատոսները, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Պալյանը:

 

Դատի հանձնախումբը նման ասուլիսներ է կազմակերպել Վաշինգտոնում, Ժնևում և Լիբանանում, իսկ միջազգային մամուլը զանազան առիթներով, հատկապես Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հետ ունեցած հարցազրույցներրի միջոցով, անդրադարձել է այս դատին:

 

Ասուլիսը Թուրքիայում կազմակերպելու նպատակաը թուրքական մամուլի միջոցով Թուրքիայի ժողովրդին այդ մասին տեղեկություններ փոխանցելն էր: Մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին դատի հանձնախմբի անդամ, թուրք փաստաբան Ճէմ Սոֆուօղլուն, Հայոց ցեղասպանության մասնագետ Թաներ Աքչամը և Հայր Հուսիկը:

 

Կաթողիկոսարանի բացած դատի թեման լայն հետաքրքրություն է առաջացրել ներկաների մոտ, որոնք զանազան հարցերի միջոցով հավելյալ տեղեկություններ են խնդրել: Ներկաներից ոմանք շեշտել են հիշյալ դատի կարևորությունը, հարյուր տարի անց այն նկատելով եզակի նախաձեռնություն' հույս հայտնելով, որ թուրքական պետության համար տարիներ հետո սա առիթ կհանդիսանա հայ ժողովրդի նկատմամբ արդարադատության վերականգնման համար:

 

Անցած մի քանի օրերին թուրքական մի շարք պարբերականներ լայնորեն անդրադարձել են դատին: Այս առիթով Հայր Պետրոսն առանձնազրույցներ է ունեցել Կարո Պայլանի, Մեհմեդ Ալթանի և այլոց հետ, որոնց ամփոփ տեագրությունը տեղադրված է կաթողիկոսարանի կայքում, կցված են նաև թուրքական մամուլի արձագանքները: