Կարծում ենք՝ բոլորիս է հայտնի այն իրողությունը, որ Հայաստանում որևէ՝ քիչ թե շատ նորմալ աշխատանք գտնելը չափազանց խրթին գործ է գրեթե յուրաքանչյուրի համար: Այս տխուր փաստը, անխոս, տրամաբանական հետևանքն է այնանբարեհույս վիճակի, որ առկա է երկրի տնտեսությունում. ակնկալել տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր մի երկրում, ուր տնտեսությունն արդեն մի քանի տարի է, ինչ փաստացիկոլապսային դրության մեջ է հայտնվել,անտրամաբանական կլիներ: Այդուհանդերձ, հավանաբար շատերդ նկատած կլինեք, որ ժամանակ առ ժամանակ մամուլում հանդիպում են տեղեկություններ այն մասին, որ ասենք, այս կամ այն պաշտոնյան, չգիտես՝ ինչ ճանապարհով, յուր ողջ ցեղին տեղավորել է պետական աշխատանքի, ու հաջողությամբ ըմբոշխնում է ցեղի հովանավորի իր բարձր կոչումը:


Ահավասիկ հայաստանյան օրաթերթերից մեկը հրապարակել էր մի հոդված, ուր հայտնում էին, որ, օրինակ, փոխնախարարներից մեկին, չգիտես՝ ինչպես, հաջողվել է աշխատանքի տեղավորել իր ողջ ազգուտակին: Ինչպես պարզ է դառնում սույն հոդվածից, նրա մի բաջանաղը պետական համակարգում վարչության պետի տեղակալ է, մյուս բաջանաղը՝ հարկայինի պաշտոնյա և այսպես շարունակ: Կարող եք չկասկածել՝ մյուս բարձրաստիճանները ևս իրենց հարազատներին անգործ չեն թողնում ու հարմար առիթի դեպքում մի յուղոտ տեղ խցկում են: Հետո էլ ասում եք՝ Հայաստանում գործ չկա: Տեսնո՞ւմ եք, որ լավ էլ կա, պարզապես ոչ բոլորն ունեն այնպիսի կապեր, որ կարողանան լիարժեքորեն ինքնադրսևորվել այս երկրում…

 

Կասկածից վեր է՝ հովանավորչություն կա ցանկացած երկրում, նույնիսկ՝ ամենազարգացածներում, բայց քիչ կգտնես երկրներ, ուր այս արատավոր երևույթն այնքան տարածված լինի, որքան Հայաստանում է: Չէ՛, մեզ լա՛վ հասկացեք, մենք պաշտոնյաների հարազատների դեմ ոչինչ չունենք, և միայն այն փաստը, որ նրանք, անկախ իրենց կամքից, արյունակցական կամ հարազատական կապերի մեջ են գտնվում այս կամ այն պաշտոնյայի հետ, դեռ չի նշանակում, որ նրանք ապիկարներ են, բայց դե ասել, որ նրանք բոլորը տաղանդներ են, նույնպես ճիշտ չէր լինի:

 

Հավանաբար, բոլորդ եք լսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի մասին, որը կոչված է ի վերջո կանոնակարգելու պետական համակարգում աշխատատեղերի բաշխման գործընթացը՝ դարձնելով այն ավելի արդար ու թափանցիկ: Խորհրդի նախագահը՝ Մանվել Բադալյանը, առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե խորհուրդն այս, որ ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, կարողացել է դաշտում մթնոլորտ փոխել, ձևավորել քիչ թե շատ արդար դաշտ՝ կադրերի մրցակցության ու դրանց ընտրության գործում: Թե որքանով են համապատասխանում իրականությանն այս պաշտոնյայի պնդումները, գիտե յուրաքանչյուր մեկը, ով առնչվել է սույն խորհրդի հետ՝ փորձելով միանգամայն օրինական ճանապարհով անցնել պետական աշխատանքի. որպես կանոն, գրեթե բոլորը հիասթափվել են: Քիչ չեն դեպքերը, երբ դիմորդը, ցուցաբերելով գրեթե 100%-անոց արդյունք, դուրս է մնացել համապատասխան պետական պաշտոնի համար մղվող պայքարից՝ իր տեղը զիջելով, ասենք, նույնիսկ քննությունների առաջին փուլին չներկայացած մեկին, որը, ինչպես կռահեցիք, որպես կանոն, սերտ կապերի մեջ է գտնվել այս կամ այն պաշտոնյայի հետ:

 

Հետաքրքիր է՝ Բադալյանին հայտնի՞ են նմանօրինակ դեպքեր, գիտե՞ արդյոք նա, որ այս պարագայում խոսել իր կողմից գլխավորած խորհրդի կողմից կատարված «տիտանական» աշխատանքի արդյունքում գրանցած հաջողությունների մասին, առնվազն պարկեշտ չէ, ու հարկավոր է ավելի սթափ գնահատել ոլորտում տիրող իրավիճակը, վերջապես վերահսկողության տակ առնել համակարգում ահռելի ծավալների հասած կոռուպցիան ու կաշառակերությունը. հենց այս երևույթների արդյունքում է, որ Հայաստանի պետական համակարգն այսօր լավ մենեջմենթի խնդիր ունի, որն ուղղակիորեն կապված է կադրերի ճիշտ ընտրության հետ: Վերջիվերջո պետք չէ մոռանալ, որ պետական կառավարման համակարգում կադրերն են որոշում ամեն ինչ:



Դավիթ Բաբանով