Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը երկրի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարի ծրագիր է ներկայացրել: Քաղաքական գործիչն այն հրապարակել է դեկտեմբերի 15-ին՝ ելույթ ունենալով Մինեսոտայի նահանգի համալսարանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Քլինթոնի խոսքով՝ իշխանությունները պետք է պատրաստ լինեն նոր ահաբեկչական գործողությունների և սերտորեն համագործակցեն Սիլիկոնային հովտի գործարարների հետ, որպեսզի հասցնեն պոտենցիալ ծայրահեղականներին նույնականացնել սոցիալական ցանցերում, հեռացնեն նրանց հաշիվները և ահաբեկչական բովանդակության ցանկացած այլ տեղեկատվություն:
Բացի այդ, Քլինթոնն անհրաժեշտ է համարում ուժեղացնել ավիահարվածները Սիրիայի տարածքում և խստացնել այցագրային հսկողությունն այն մարդկանց նկատմամբ, որոնք ժամանում են «Իսլամական պետության» ազդեցության տակ գտնվող տարածաշրջաններից:
Քաղաքական գործիչը նաև հորդորել է խստացնել զենք պահելու մասին օրենքները և առաջարկել է արգելել գրոհային զենքի վաճառքը:
Դեկտեմբերի 12-ին Քլինթոնը հայտարարել է, որ նախագահի պաշտոնի թեկնածուներից միայն ինքն ունի ԻՊ-ի դեմ պայքարի որոշակի ծրագիր: Այն ժամանակ նա չէր բացահայտել մանրամասները, ճշտելով, որ պետության ղեկավար ընտրվելու դեպքում թույլ չի տա ԱՄՆ-ի մասնակցությունը ցամաքային գործողությանը, քանի որ «դա խելամիտ չէ, և ահաբեկիչները հենց դրան են սպասում»: