ՀՀ Վերահսկիչ պալատը տարվա ընթացքում լավագույն դեպքում կարող է վերահսկողության տակ պահել պետական բյուջեի ծախսային մասի կամ ծրագրերի 10-15 տոկոսը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ Վերահսկիչ պալատի 2016թ. տարեկան ծրագրի քննարկմանն ասաց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: «Վերահսկիչ պալատը կարող է ցանկացած ծրագրի վերաբերյալ արդյունավետության գնահատական տալ, սակայն, հաշվի առնելով ՎՊ-ի ներուժը և աշխատանքի ծավալը, այն կարող է լավագույն դեպքում պետբյուջեի ծախսային մասի 10-15 տոկոսը վերահսկողության տակ պահել: Այսինքն, մենք միայն այդքան մասով կարող ենք տալ իրականացվող ծրագրերի գնահատականը»,- նշեց Զաքարյանը:

 

 

Անդրադառնալով իրականացվող ծրագրերի վերաբերյալ պատգամավորի հարցին՝ Իշխան Զաքարյանն ընդգծեց, որ ՎՊ վերջին հաշվետվության մեջ տրված են բոլոր ծրագրերի արդյունավետության գնահատականները: «Այդ հաշվետվությունը մենք տեղադրել ենք մեր կայքում, ուղարկել ենք Ազգային ժողով: Եթե կան հստակ ծրագրեր, որոնց վերաբերյալ դուք ունեք հավելյալ հարցեր, ապա կարող եք նայել հաշվետվությունը»,- հավելեց Զաքարյանը:

 

 

Նա մանրամասնեց, որ կան դեպքեր, երբ այս կամ այն ոլորտում լինում է օրենսդրական փոփոխությունների կամ կառավարության որոշումների փոփոխության կարիք, որպեսզի ծրագրերն ավելի արդյունավետ լինեն: «Մենք յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ հաշվետվության մեջ ներկայացնում ենք նաև այդ առաջարկները: Եթե մենք տեսնում ենք, որ օրենսդրական խնդիրներ կան կամ կառավարության որոշումների փոփոխությունների կարիք կա, առաջարկ ներկայացնում ենք»,- եզրափակեց նա: