Այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ արագաչափերի և տեսախցիկների վերաբերյալ և մասնավորապես ներկայացրեց դրանց՝ 3 տարի հայաստանյան ավտոճանապարհներին գործելու ընթացքում ձեռք բերած միջնաժամկետ ամփոփիչ արդյունքները:
«ՀՀ տարածքում 2011 թվականին գրանցվել է 2319 ավտովթար, 2014-ին՝ 3156 ավտովթար: Արագաչափերի գործունեության ժամանակ վթարների թիվն աճել է 36 տոկոսով»,- նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ արագաչափերի և տեսախցիկների գործունեության ընթացքում ոչ միայն ճանապարհատրանսպորտային վթարների քանակն է ավելացել, այն նաև այդ վթարների հետևանքով տուժած անձանց թիվը. «2011 թվականին վթարներից մենք ունեցել ենք 2964 տուժող, 2014 թվականին արդեն՝ 4776 տուժող: Աճն ուղիղ 61 տոկոս է»:
Պատգամավորը նկատեց, որ այդ ցուցանիշները շարունակում են աճել: Այս տարի հունվար ամսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցված տուժողների թիվը 9.9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև երթևեկության կանոնների խախտումներին: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի՝ այս տարվա սեպտեմբերին հրապարակած երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ թվերը ճշմարիտ չեն. «Նա ասում է, որ զգալիորեն՝ ուղիղ 70 տոկոսով, կրճատվել են արագաչափերի կողմից ֆիքսված երթևեկության կանոնների խախտումները»:
Սակայն, պատգամավորը նշեց, որ ըստ պաշտոնական տվյալների, 2011 թվականին գրանցվել է 679.978 որոշում խախտումների մասին, իսկ 2014 թվականին՝ 1.647.252, ինչը խոսում է 2014 թվականին գրանցված խախտումների՝ 142 տոկոս աճի մասին:
Փաշինյանը նշեց նաև դրամական տուգանքների քանակը, որտեղ նույնպես աճ է գրանցվել: «2011 թվականին Հայաստանի վարորդներին նշանակվել է 2 մլդ 925 մլն 153.000 դրամի տուգանք, 2014 թվականին՝ 13 մլդ 214 մլն 9000 դրամի: Այսինքն՝ տուգանքների աճը կազմել է 351 տոկոս»:
Մանրամասները՝ տեսանյութում