Հայաստանի Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի հատվածում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ իրավիճակը Հայաստանի զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է:

«Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար»,-ասված է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 12-ին, ժամը 21.00-ից 22.15-ը Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ, որի հետեւանքով մեկ պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա 22-ամյա Գեւորգ Խաչիկի Մելիքբեկյանն է: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքով' նրա վիճակը նորմալ է, ոտքն է վնասվել:

Գյուղացիների շրջանում տուժողներ չեն եղել: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մարդկային զոհ չկա, ընդամենը գյուղացիներից մեկի մեքենան է վնասվել եւ գազատարը: «Մեկի բնակարան մտնող գազատարը վնասվել է, կրակոցից այն վնասվել է, հրդեհ է բռնկվել, կես ժամը գազը անջատվել են, վթարը վերականգնվել է: Այդ թաղամասում գազը մի կես ժամ դադարեցվել է»,- ասել է նա, հավելելով, որ գյուղացիները շարունակում են իրենց նորմալ կյանքը, կրակոցներն էլ ասես սովորական են դարձել: