Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգույի հետ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում համաձայնագիր է ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Նաև ստորագրվել է 2016 թվականին Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների համագործակցության ծրագիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Ներկայումս Ռուսաստանը ՀՕՊ-ի միացյալ տարածաշրջանային համակարգերի ստեղծման ուղղությամբ աշխատում է Ղրղզստանի և Տաջիկստանի հետ: Ղազախստանի հետ ՀՕՊ-ի համակարգի ստեղծման համաձայնագիրն ստորագրվել է 2013 թվականին, Բելառուսի հետ ՌԴ-ի ՀՕՊ-ի համակարգն արդեն միավորված է:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդում տարածաշրջանային սկզբունքով Համագործակցության երկրների հակաօդային պաշտպանության ուժերի ինտեգրացումը համարում են ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի զարգացման կարևորագույն ուղղությունը: